Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Գորիսից Կապան («Լեգենդների արահետ»)

Գորիսից Կապան («Լեգենդների արահետ»)

150.0 կմ
միջին

Տեսարժան վայրեր

Old Halidzor
Բեխի անապատ
Հին Շինուհայր
Վահանավանք
Բարձրավանի Քարավանսարա
Հարսնաձոր
Միջնադարյան Գորիսի քարանձավային բնակավայրեր
Հալիձորի Բերդ
Տաթև Վանք
Սատանի Կամուրջ
Old Bardzravan
Mount Khustup
«Լենդ-Արտ»-ի թանգարան
Գորիսի Հին Զանգեր
Տաթևի Մեծ Անապատ
Բաղաբերդի Ամրոց
Old Khot
Սյունիքի մարզով 150 կմ երկարությամբ այս 15-օրյա արշավային երթուղին (ներառյալ հանգստյան օրը) ճանապարհորդներին տանում է խորդուբորդ լեռների միջով, Մետաքսի հին ճանապարհի արահետներով և հինավուրց վանքերի կողքով: Արշավը մեկնարկում է Գորիսից և ավարտվում Կապանում՝ պատմամշակութային մեծ նշանակություն ունեցող երկու քաղաքներում: Թեև երթուղին կարելի է անցնել ամբողջությամբ, սակայն յուրաքանչյուր հատված կարող է ծառայել նաև որպես առանձին մեկօրյա քայլարշավ: Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր փուլն առանձին։
Լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար կարող եք հետևել The Legends Trail-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին: Եթե ցանկանում եք ձեռք բերել տպագիր ուղեցույցը՝ ճանապարհորդությանը նախապատրաստվելու համար, այն կարող եք գնել HIKEArmenia-ի գրասենյակից կամ պատվիրել առցանց:

Օր 1. Գորիսի «Հին Զանգերից» դեպի Գորիս

Գորիսի «Հին Զանգեր» հուշարձանից դեպի քաղաք տանող այս կարճ և թեթև քայլարշավի ընթացքում ձեր առջև բացվում է Սյունիքի բնապատկերի հիասքանչ տեսարանը: Չնայած այս արահետը «Լեգենդների արահետի» մի մասն է, այն կարելի է անցնել նաև առանձին: Եթե Գորիսում այլ երթուղիներ եք փնտրում, ապա «Ճամփորդություն ժամանակի միջով դեպի Հին Գորիս» (Time Travel to Old Goris) արահետը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է սա՝ գերեզմանատան մոտ, և ձեզ տանում է դեպի Հին Գորիսի հայտնի միջնադարյան քարանձավային կացարանները:
Արահետի հենց սկզբից բացվող տեսարաններն անկրկնելի են։ Պարզ եղանակին Գորիսից արևելք գտնվող բլրի գագաթից՝ «Հին Զանգեր» հուշարձանի մոտից, երևում է ամբողջ քաղաքն ու շրջակա լեռները։ Հրաբխային քարից վերակառուցված այս հուշարձանը Գորիսին է վերադարձնում կորուսյալ մշակութային շերտերից մեկը՝ ընդգծելով քաղաքի՝ որպես Սյունիքի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը:

Օր 2. Գորիսից Քարահունջ և Խոտ

Արահետը սկսվում է Գորիսի հարավ-արևմտյան բնակելի թաղամասից՝ Գորիս-Կապան մայրուղու վերևում գտնվող սարալանջից: Քաղաքի կենտրոնից արահետի սկզբնամաս հասնելու համար Սյունիքի փողոցով շարժվեք դեպի հարավ՝ մինչև Շինուհայր տանող հին ճանապարհի (Հ-46) հատումը, այնուհետև բարձրացեք զառիթափ բլուրը և թեքվեք ձախ։ Անցնելով բնակելի տարածքներով՝ դուք կհայտնվեք խիտ անտառի միջով անցնող խոտածածկ արահետի վրա։ Անցնելով մի քանի տաղավարների մոտով՝ կխորանաք անտառի մեջ՝ նախկին այգիների պատմական արահետներով, որտեղ դեռ նկատելի են քարե պատերի, տեռասների և ոռոգման ջրանցքների մնացորդները: Շարունակեք ճանապարհը դեպի ձորը և իջեք գետի մոտ: Շուտով անտառից դուրս կգաք Քարահունջ գյուղին նայող մի մարգագետին։
Գյուղի կենտրոնից շարժվեք դեպի գետը (ճանապարհին անցնելով Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտով) և անցեք կամուրջը։ Այնուհետև ամենագնացների համար նախատեսված (4x4) ճանապարհով բարձրացեք վեր՝ ժայռի ստորոտի քարանձավների կողքով, որտեղից բացվում են Քարահունջի, Գորիսի և Վարարակի հովտի հիասքանչ տեսարանները: Անցնելով լքված ջրամատակարարման կայանի մոտով՝ կհայտնվեք Որոտանի կիրճում։ Այնտեղից զիգզագաձև ճանապարհով բարձրացեք դեպի Խոտ գյուղ, որը կառուցվել է խորհրդային տարիներին, երբ որոշվեց, որ կիրճի հին բնակավայրն անհարմար է և դժվար հասանելի: Այնուհետև 4x4 ճանապարհով անցեք ևս 2 կմ մինչև Շինուհայր՝ գիշերելու և հաջորդ օրը ճանապարհը շարունակելու համար։

Օր 3. Խոտից դեպի Հին Խոտ, Հին Շինուհայր և Հին Հալիձոր

Խոտ գյուղից շարժվեք դեպի հարավ, ապա հարավ-արևելք. հուշահամալիրն անցնելուց հետո կտեսնեք ճանապարհը: Անցեք ժայռերի վրա սփռված խորհրդային լքված շինությունների մոտով և կտեսնեք դեպի կիրճն իջնող զիգզագաձև արահետը, որը տեղացիներն օգտագործում են ոտքով կամ ձիով տեղաշարժվելու համար: 1970-ականներին լքված Հին Խոտ գյուղում կտեսնեք զառիթափին դասավորված դարավանդաձև քարե տներ, որտեղ մի տան կտուրը ծառայել է որպես բակ մյուսի համար։ Այստեղ խմելու ջուր չկա, ուստի վերցրեք ձեզ հետ կամ օգտագործեք Խոտ գետի ջուրը միայն հատուկ ֆիլտրով անցկացնելուց հետո։
Հին Խոտից շարժվեք դեպի արևմուտք՝ գետի երկայնքով, ապա շարունակեք ճանապարհը դեպի պատմական Հին Շինուհայր։ Այստեղ է գտնվում 1670-ականներին կառուցված Կուսանց անապատը, որը ժամանակին եղել է հուսալի ապաստան միանձնուհիների համար, ինչպես նաև մշակութային, հոգևոր և գրչության կենտրոն։ Հին Շինուհայրից կարող եք կա՛մ բարձրանալ ժամանակակից Շինուհայր գյուղ, կա՛մ շարունակել ուղին դեպի Հին Հալիձոր: Զգույշ եղեք, քանի որ ամռանն այս արահետը կարող է ծածկված լինել խիտ բուսականությամբ, իսկ գարնանը հնարավոր են վարարումներ։
Հին Շինուհայրից դուրս գալով՝ հետևեք կիրճի երկայնքով ներքև տանող ճանապարհին։ Ճանապարհի միջնամասում կտեսնեք ճյուղավորվող արահետներ․ ընտրեք վերև բարձրացողը։ Բլրի գագաթին կտեսնեք գեղեցիկ խաչքարեր։ Այստեղից շարժվեք դեպի Հին Հալիձորի արևելյան հատված, որտեղ արահետը միանում է մեկ այլ ճանապարհի։ Բարձրացեք գյուղի վերին հատված, որտեղից կարող եք կա՛մ շարունակել «Լեգենդների արահետը», կա՛մ ուղղվել դեպի Հալիձոր գյուղ՝ գիշերելու համար։

Օր 4. Հալիձորից դեպի Տաթևի Մեծ Անապատ և Տաթև

Վերադարձեք Հին Հալիձոր նույն 4x4 ճանապարհով: Սուրբ Մինաս եկեղեցուց շարունակեք ուղին նեղ փողոցներով՝ իջնելով գյուղի հարավ-արևմտյան մասով դեպի ժայռոտ լեռնաշղթա։ Հետևեք լեռնաշղթայի արևելյան լանջով իջնող արահետին՝ զգուշանալով անհարթ տեղանքից: Հասնելով լեռնաշղթայի հիմքին՝ շարժվեք դեպի արևմուտք, անցեք գետը և լքված հին ֆերման, ապա շարունակեք ուղին հողոտ ճանապարհով դեպի Որոտան գետը հատող միակ հետիոտնային կամուրջը: Այստեղից կարող եք արշավել դեպի Բարձրավան կամ Հարանց անապատի ավերակներ, կամ շարունակել հիմնական երթուղին:
Կամրջի մյուս կողմում հետևեք գետափի 4x4 ճանապարհին, որտեղ կտեսնեք մշակված դաշտեր, անասնապահների կացարաններ և ոռոգման ջրանցքներ: Փոքրիկ քարե շենքի ավերակներից հետո ճանապարհը վերածվում է նեղ արահետի, որն անցնում է բարձր ժայռերի տակով: Քայլելիս հիացեք ձեր վերևում գտնվող Հարսնաձորի խոր անդունդով: Շուտով արահետը սեղմվում է ժայռին, և անցումն ապահովելու համար այստեղ կիսաթունել է փորված: Շարունակեք իջնել զառիթափ ու նեղ հատվածներով՝ ժայռերի եզրով։
Այստեղից արահետը կտրուկ բարձրանում է դեպի անտառ։ Շուտով կտեսնեք Տաթևի Մեծ Անապատը՝ հակառակ լանջի ստորոտին։ Անցեք Որոտան և Աղանձու գետերի խաչմերուկում գտնվող մետաղյա կամրջով և շարժվեք դեպի վանական համալիր: Ցանկության դեպքում կարող եք քայլել մինչև Սատանի կամուրջ, որտեղ կարող եք լողալ հանքային ջրերում կամ ուսումնասիրել քարանձավների լճակները:
Տաթևի Մեծ Անապատից հետևեք ցուցանակներին դեպի Տաթևի վանք՝ անցնելով ավերակների և թաքնված պտղատու այգիների միջով: Արահետը վերածվում է ասֆալտապատ ճանապարհի, որը ձեզ կհասցնի հոյակերտ Տաթևի վանական համալիր: Գյուղում հեշտությամբ կգտնեք հյուրատներ գիշերելու համար:

Օր 5. Հանգստի օր

Խորհուրդ է տրվում այս օրը հատկացնել վանական համալիրը բացահայտելուն և հանգստին: Կարող եք նաև տաքսիով իջնել Սատանի կամուրջ, իսկ այնտեղից ճոպանուղով (աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «Տաթևեր») բարձրանալ Հալիձոր և վերադառնալ Տաթև:

Օր 6. Տաթևից Տանձատափ և Բարձրավան

Տաթևի վանքից դուրս եկեք Հ-46 ճանապարհով, անցեք գետը և բարձրացեք մինչև Տաթևի դիտակետ, որտեղից բացվում է վանքի լավագույն տեսարանը: Այնտեղից արահետն իջնում է դեպի անտառ՝ անցնելով 10-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռի ավերակներով և գեղեցիկ մարգագետիններով դեպի Աղանձու կիրճ: Ճանապարհին երևում է Տանձատափ փոքրիկ գյուղը։ Կիրճի ամենախոր հատվածում ջրվեժի մոտով անցնելուց հետո շուտով կհասնեք Տանձատափ:
Գյուղի մուտքի մոտ տեղադրված է տեղեկատվական վահանակ: Շարունակեք դեպի արևելք՝ անցնելով այգիներով։ Շվարիգետն անցնելուց հետո ուղղվեք դեպի հյուսիս։ Ճանապարհի բաժանման կետում ընտրեք ձախ կողմի առաջին ուղին և անտառապատ հովտից բարձրացեք դեպի բաց դաշտեր։ Ուշադիր հետևեք գծանշումներին, քանի որ արահետը թեքվում է հարավ-արևելք: Բարձրացեք ոլորաններով՝ միանալու Հ-46 ճանապարհին, ապա Օկուզարատ լեռնանցքով շարունակեք դեպի արևելք՝ հասնելով Հարսնաձորի դիտակետին: Ըստ լեգենդի՝ դարեր առաջ մի հարսնացու ցատկել է այս ժայռերից՝ գերությունից խուսափելու համար։ Եզրին մոտենալիս եղեք շատ զգույշ, քանի որ արգելապատնեշներ չկան։
Այնուհետև հետևեք ժայռի եզրին (անվտանգ հեռավորության վրա), մինչև հասնեք անտառ տանող ճանապարհին: Արահետը միանում է 4x4 ուղուն, որն անցնում է պատմական ավերակների և խաչքարերի մոտով: Այստեղից իջեք դեպի առուն, անցեք բացատով և ընտրեք դեպի արևելք տանող ուղին։ Երբ մոտենաք Բարձրավանին, ուշադրություն դարձրեք ժայռերի մոտով անցնող նեղ հատվածներին: Այստեղ կարելի է ճամբարել կամ ամենագնացով գնալ Տանձավեր կամ Տաթև՝ գիշերելու համար:

Օր 7. Բարձրավանից Տանձավեր և «Կախարդական անտառ»

Բարձրավանից ուղղվեք դեպի հարավ՝ Տ-8-58 գրունտային ճանապարհով։ Անցնելով փոքր տնտեսությունների և ջրամբարի մոտով՝ միացեք անտառային 4x4 ուղուն, որը տանում է դեպի Որոտանի կիրճը և Քաշունի գետի հովիտը բաժանող լեռնաշղթան: Անցեք լեռնաշղթան և իջեք դեպի հարավ՝ խիտ անտառների և գեղեցիկ հովիտների միջով: Հարսնաբլուրի գագաթի տակով անցնելիս կտեսնեք փոքրիկ ֆերմա և միջնադարյան եկեղեցի։ Այս ճանապարհը ձեզ կհասցնի Տանձավեր, որտեղ կարող եք քայլել նաև «Կախարդական անտառի» (Magic Forest) շրջանաձև արահետով և գիշերել։

Օր 8. Տանձավերից Չայ-Զամի լիճ և Վերին Խոտանան

Տանձավերից շարժվեք Հ-46 ճանապարհով դեպի արևելք: Քաշունի գետի կամրջից առաջ թեքվեք դեպի արևելք և հողոտ ճանապարհով անցեք ագարակի մոտով: Քայլեք գետին զուգահեռ՝ անտառապատ հատվածներով և մարգագետիններով: Շարունակեք ուղին Քաշունի հովտով՝ անցնելով Անդոկաբերդ ամրոցի ավերակների կողքով։
Արահետը հատում է Քաշունի գետը և հասնում Դավիթ Բեկի ջրամբարին, որը տեղացիներն անվանում են Չայ-Զամի («գետերի դաշտ»): Այստեղ երևում են հին բնակավայրերի հետքեր: Ջրամբարի հարավային ափով անցնելուց հետո կտրուկ բարձրացեք անտառով, մինչև հասնեք լքված գրունտային ճանապարհին, որն իջնում է Խոտանանի հովիտ: Շուտով կտեսնեք ձեր նպատակակետը՝ Վերին Խոտանանը։ Գյուղում կան մի քանի հյուրատներ (օրինակ՝ Աննա Մարտիրոսյանի հյուրատունը): Ցանկության դեպքում կարող եք նաև այցելել հարևան Շրվենանց գյուղ:

Օր 9. Վերին Խոտանանից Տավրուս, Օխտար, Վանեք, Ձորաստան և Առաջաձոր


Այս արահետը զբոսաշրջիկներին տանում է գյուղից գյուղ՝ անցնելով տպավորիչ Կատար լեռան ստորոտում գտնվող հովտով: Վերին Խոտանանից դուրս եկեք դպրոցի կողքով անցնող գրունտային ճանապարհով և անցեք ներքևում հոսող փոքրիկ գետի կամուրջը: Այստեղից վեր բարձրացեք զառիթափ մարգագետնով, ապա մտեք անտառ, որն աստիճանաբար կբարձրանա մինչև այն նույն առուն, որն արդեն հատել էիք: Շարունակեք վերելքը պատմական հետիոտնային արահետով, որը ձեզ անտառից դուրս կբերի խոտածածկ լեռնաշղթայի վրա: Հետևեք արահետին, որն ընթանում է ամենագնացների (4x4) ճանապարհին զուգահեռ, մինչև այն կառանձնանա ու ձեզ կտանի դեպի Տավրուս գյուղ:
Անցեք Տավրուսի հին ու ավերված տների, ինչպես նաև նորակառույց շինությունների կողքով և գլխավոր ճանապարհով դուրս եկեք գյուղից: Ճանապարհի ոլորանի մոտ կնկատեք մի թույլ նշմարվող արահետ, որը շարունակվում է դեպի հարավ՝ բաց լեռնաշղթայի երկայնքով: Հետևեք դրան, մինչև սկսեք կտրուկ իջնել լեռնաշղթայի արևելյան կողմով՝ հազվադեպ օգտագործվող մի ուղիով: Շարունակեք վայրէջքը փոքրիկ գետի երկայնքով մինչև Օխտար մտնելը: Գյուղի միջով անցնող բնակելի տարածքի գլխավոր ճանապարհը վերջին տնից հետո կթեքվի դեպի արևմուտք և կմիանա Տ-8-59 ճանապարհին՝ Աճանան գետի հովտում: Շարունակեք ճանապարհը, ապա հատեք Աճանան գետը՝ հասնելով Վանեք գյուղ:
Գետափին բնական գազավորված հանքային ջրի պաշարները լրացնելուց հետո բարձրացեք Վանեքով և շարունակեք ուղին 4x4 ճանապարհով: Երբ ճանապարհը հարթվի, շարժվեք արևելք՝ մարգագետնով և ծառերի միջով դեպի հաջորդ առուն: Այստեղից հետևեք անտառապատ լանջով անցնող ամենագնացների ճանապարհին, մինչև հասնեք Ձորաստանի վերին հատվածը: Կարող եք ուսումնասիրել գյուղի եկեղեցին և պատմության թանգարանը, կամ շարունակել «Լեգենդների արահետը» գյուղի վերին մասով, ապա իջնել դեպի գետը և հատել այն: Այնուհետև բարձրացեք մի քանի բացատների միջով, հատեք ևս մեկ առու և շարունակեք 4x4 ճանապարհով, որը ոլորվում է լեռնալանջով մինչև Առաջաձոր գյուղ: Այստեղ կարող եք գտնել գիշերակաց, ճամբարել կամ տեղափոխվել Կապան՝ գիշերելու համար:

Օր 10. Առաջաձորից Շղարշիկ

Առաջաձորի վերին մասից հետևեք լեռնաշղթայով բարձրացող 4x4 ճանապարհին, որն սկզբում բավականին զառիթափ է և քայքայված: Ճանապարհը ոլորաններով կբարձրանա վեր, ապա կհարթվի՝ անցնելով ծառերի միջով դեպի անտառի խորքը և մի քանի կիլոմետր հետո կհասնի լեռնալանջի մի բաց հատվածի: Թեև ճանապարհը շարունակվում է դեպի լեռնաշղթայի վերևում գտնվող հին կապի աշտարակը, դուք պետք է հետևեք լանջի ստորին ուղուն, որը հատում է առուն և նորից մտնում անտառ: Անտառից դուրս գալուն պես կհայտնվեք ժայռոտ լեռնալանջին, որը տանում է դեպի հարթ լեռնագագաթ: Հետևեք լեռնաշղթային դեպի հարավ, մինչև արահետը սկսի իջնել, ապա կատարեք զառիթափ և ժայռոտ վայրէջք դեպի Շղարշիկ գյուղի վերին թաղամաս: Այստեղից կարող եք էքսկուրսիա կատարել դեպի հնադարյան Բաղաբերդ ամրոց՝ Անդոկավան տանող հին ճանապարհով, կամ գիշերել Շղարշիկի հյուրատանը կամ վրաններում:

Օր 11. Շղարշիկից Վահանավանք, Հալիձորի բերդ և Բեխ

«Լեգենդների արահետի» այս հատվածը երկար է, բայց համեմատաբար պարզ: Շղարշիկից իջեք ճանապարհով, հատեք Մ-2 Կապան-Քաջարան մայրուղին և շարունակեք ուղին մոտակա փոքր ճանապարհով, որը կհատի Ողջի գետը և կբարձրանա դեպի հովիտ: Մոտենալով 10-11-րդ դարերի Վահանավանքի վանական համալիրին՝ կտեսնեք ընդարձակ հանգստի գոտի՝ տաղավարներով, խմելու ջրի աղբյուրով և սանհանգույցներով. սա հիանալի վայր է ճամբարելու համար:
Հարևանությամբ գտնվող անտառապատ կիրճում կա լենդ-արտի (հողարվեստի) արահետ, որն արժե այցելել: Հանգստի տաղավարների վերևում գտնվող բացատից, որտեղ ավարտվում է լենդ-արտի արահետը, հետևեք անտառ մտնող 4x4 ճանապարհին: Անցնելով մետաղական արգելապատնեշը և մի քանի անգամ հատելով առուն՝ շուտով կհասնեք թփուտների մեջ գտնվող մի խաչմերուկի, որտեղ պետք է թեքվեք արևելք՝ դեպի լեռնալանջով բարձրացող նեղ հետիոտնային արահետը: Հասնելով լայն ու հարթ լեռնաշղթայի գագաթին՝ հետևեք գծանշումներին դեպի արևելյան լանջը, որը հյուսիս-արևելքով անցնում է անտառների ու արոտավայրերի միջով, մինչև ներքևում երևա Հալիձորի բերդը:
Բերդի մոտից թողեք 4x4 ճանապարհը հենց առաջին ոլորանի մոտ և հետևեք դեպի հովիտ տանող նեղ արահետին: Շուտով կանցնեք փոքրիկ ջրվեժի մոտով և կմտնեք նոսր անտառ: Հասնելով հովտի ստորոտում գտնվող մշակված դաշտերին՝ հետևեք արահետին (որն այստեղ նորից վերածվում է 4x4 ճանապարհի)՝ անցնելով անտառի և մարգագետինների միջով դեպի լեռնալանջին գտնվող Բեխ գյուղ: Այստեղ կարող եք գիշերել «Mount Khustup» հյուրատանը:

Օր 12. Բեխից Բեխի անապատ, Վերին Վաչագան և Բաղաբուրջ

Շարժվեք Բեխի միջով անցնող ճանապարհով, ապա հետիոտնային արահետով իջեք դեպի լեռնաշղթայից արևմուտք գտնվող հովիտը՝ անցնելով հուշաքարերի ու քանդակների կողքով: Հատեք առուն, ապա կտրուկ բարձրացեք հյուսիս-արևմուտք՝ հակադիր լեռնաշղթայով, որտեղ արահետների խճճված ցանցը տանում է դեպի անտառ: Մինչև Բեխի անապատ (վանական համալիր) հասնելը կհատեք ևս մեկ փոքր առու: Համալիրից շարունակեք ուղին անտառապատ լանջով, որը զիգզագաձև բարձրանում է վեր, ապա թեքվում հարավ և հատում մի քանի առվակներ՝ ի վերջո դուրս գալով անտառից դեպի երկար, նեղ և դեպի վար հակված լեռնաշղթա: Իջեք ներքև դեպի արևելք՝ փշոտ թփերի ու լանջերի միջով, մինչև հասնեք 4x4 ճանապարհին, որը ձեզ կտանի Վերին Վաչագան գյուղ:
Գյուղի ամենաբարձր կետից հետևեք բնակելի թաղամասի փողոցներին ու արահետներին՝ իջնելով դեպի գյուղի ստորին հատվածը: Շարունակեք իջնել զառիթափ արահետներով, որոնք շրջապատված են այգիներով, մինչև հասնեք Վաչագան գետին զուգահեռ հոսող ուղուն և հետևեք դրան մինչև կամուրջը: Կամուրջն անցնելուց հետո շարունակեք ուղին դեպի հյուսիս՝ գետի հակադիր ափին զուգահեռ: Այս հատվածում կտեսնեք լենդ-արտի մի քանի ինստալյացիաներ և կանցնեք հանգստի գոտու կողքով, որտեղ կան ճոճանակներ և տաղավարներ: Շուտով արահետը հեռանում է գետից և բարձրանում նոսր անտառ՝ վերածվելով 4x4 ճանապարհի: Հետևեք դրան մինչև Բաղաբուրջ գյուղ: Նկատի ունեցեք, որ սա ավտոմեքենայով հասանելի վերջին կետն է մինչև Խուստուփ լեռան գագաթ տանող երկօրյա վերելքը: Այստեղից կարող եք տաքսիով կամ ոտքով գնալ Կապան՝ գիշերելու և պաշարներ հավաքելու համար:

Օր 13. Բաղաբուրջից Ստորոտ

Այս օրը դուք կտեսնեք, թե ինչպես է Խուստուփի գագաթն ավելի ու ավելի մոտենում, բայց վերջնակետին դեռ չեք հասել: Բաղաբուրջից բարձրացեք 4x4 ճանապարհով՝ լեռնաշղթայի երկայնքով անցնելով խիտ անտառների միջով: Թեև ճանապարհը կարող է ցեխոտ լինել, այն բավականին հստակ է և հեշտ անցանելի: Անտառի սահմանագծից անմիջապես վերև՝ լեռնաշղթայի հարավային լանջին, գտնվում է Ստորոտ կոչվող սեզոնային բնակավայրը (ամառանոցը): Այստեղից մի քանի արահետներ տանում են դեպի հեռավոր ֆերմաներ, սակայն դուք պետք է բարձրանաք Ստորոտի միջով մինչև վերջին տնից մի փոքր վերև գտնվող հարթ հատվածը՝ խմելու ջրի աղբյուրի մոտ: Ստորոտը Կապանից Խուստուփի գագաթին ամենամոտ կետն է, որտեղ կարող են հասնել ամենագնաց մեքենաները, ուստի այն ծառայում է որպես բազային ճամբար նրանց համար, ովքեր ցանկանում են գագաթը նվաճել մեկ օրում:

Օր 14. Ստորոտից Խուստուփ լեռ և վերադարձ Ստորոտ

«Լեգենդների արահետի» եզրափակիչ հատվածը զբոսաշրջիկներին տանում է դեպի Խուստուփի գագաթ և հետ՝ Ստորոտ: Թեև արահետը համեմատաբար հեշտ է նկատել, սակայն վատ տեսանելիության դեպքում եղեք չափազանց ուշադիր, քանի որ մառախուղի մեջ հեշտ է մոլորվել: Բնության տարերքների ազդեցությունը, դժվարանցանելի տեղանքը և զառիթափ ուղիները դարձնում են այս արշավը բավականին բարդ: Սակայն պատշաճ պատրաստվածության դեպքում այս վերջին ճիգը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ և հիասքանչ տեսարաններ:
Վերելքի առաջին կեսը շարունակվում է նույն լեռնաշղթայով, որով հասել էիք Ստորոտ, միայն թե ավելի նեղ արահետով: Անցնելով ժայռային կազմավորումների միջով՝ կհասնեք մի աղբյուրի, որից հետո արահետն է՛լ ավելի կզառիթափվի: Շուտով կնկատեք, որ անտառային գոտուց վերև միջավայրը փոխվում է բարձրլեռնային տափաստաններին բնորոշ անտառազուրկ մարգագետինների: Երկրորդ աղբյուրը գտնվում է արահետից մոտ 50 մետր հարավ՝ նախքան գագաթից հարավ ընկած գլխավոր լեռնաշղթային հասնելը: Գլխավոր լեռնաշղթայի վրա դուք կտեսնեք Շիշկերտ գյուղից եկող 4x4 ճանապարհը: Բարձրացեք լեռնաշղթայով դեպի հյուսիս՝ մինչև գագաթի ստորոտը: Բուն գագաթին հասնելու համար ստիպված կլինեք բառացիորեն մագլցել սրածայր ժայռերով:
Եթե ցանկանում եք իջնել դեպի Շիշկերտ՝ Կապան վերադառնալու փոխարեն, ապա լեռնաշղթայով շարժվեք հարավ և հետևեք ամենագնացների 10 կմ-անոց ճանապարհին: Նկատի ունեցեք, որ գյուղում ծառայություններ չկան, և Կապան վերադառնալու համար պետք է անցնել ևս 50 կմ:
. . . . . . .
Հուսով ենք, որ վայելեցիք այս բարդ, բայց տպավորիչ ոդիսականը Սյունիքի մարզում: «Լեգենդների արահետը» ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Tourism. Մշակութային տուրիզմի զարգացում Սյունիքում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «People in Need» կազմակերպության կողմից՝ «ԱՐԿ Էկոլոգիական» և «Արահետներ փոփոխության համար» (TFC) ՀԿ-ների հետ համատեղ: Հետևեք նոր արշավային երթուղիներին, որոնք ձգվում են մինչև Մեղրի՝ այցելելով Transcaucasian Trail կայքը: Կապանում ժամանցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք Visit Kapan կայքը:
 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Kapan Camp

<20 USD

Mthnadzor Hotel

20-50 USD

ARK Eco Camp

5-10 USD

Saro's B&B

<20 USD

The Dacha

<20 USD

Zorats Aghbyur Hotel

20-50 USD

Christy Hotel

20-50 USD

Hotel Vivas

20-50 USD

Harsnadzor Eco Resort

20-50 USD

Lyova & Sons B&B

20-50 USD