Աշունը բնության ամենաարտահայտիչ փոխակերպումների ժամանակն է. ամռան տապը նահանջել է, ձմռան խիստ շունչը դեռևս ճանապարհին է: Հենց այս ժամանակ բնությունը ներկայացնում է իր ամենաանհավանական տրամադրությունները՝ կարծես հրավիրելով մեզ մուտք գործել աշնանային գույների մոգական խճանկար: 

Օդում զգացվում են խոնավ հողի, թափվող տերևների ու սունկերի անուշ բույրերը, իսկ աշնան առավոտներին բնորոշ մառախուղերը խորհրդավորություն են հաղորդում բնության գրկում անցկացրած մեր օրվան: 

Աշունը արշավելու հիանալի ժամանակ է ոչ միայն այս փոփոխությունների սիրահարների համար, նաև նրանց, ովքեր նախընտրում են լռությունն ու ձգտում բնության հետ միությանը: Ավելին, քանի որ կեսօրին տաք է, երեկոյան՝ հաճելի զով, այսպիսի եղանակային պայմաններում միայն հաճույք է անտառում երկար թափառելը: 

Աշունը մեզ հայտնի արշավային արահետները նոր հանդերձանքով տեսնելու հնարավորություն է: Ուստի առաջարկում ենք այս ամիսներին քայլել ուղղություններով, որոնք իրենց գույներով և բազմազանությամբ կտավներ կհիշեցնեն : 


Գոշավանքից Գոշի լիճ

Gosh like

Տավուշի մարզի անտառաշատ տարածքներն աշնանը բազմագույն կտավ են հիշեցնում: Առաջարկում ենք քայլել դեպի Գոշի լիճ՝ միաժամանակ այցելելով Տավուշի մարզի հոգևոր կենտրոններից մեկը՝ Գոշավանքը: Վանական համալիրը գտնվում է համանուն Գետիկ գետի աջ ափին գտնվող Գոշ գյուղում և կրում է 12-րդ դարի հայտնի հայ հոգևորական, մանկավարժ, առակագիր և հասարակակն գործիչ Մխիթար Գոշի անունը: 

Գոշավանքը կառուցվել է երկրաշարժից ավերված Գետիկ վանքի ավերակների տարածքում: Նախկինում կրել է Նոր Գետիկ անունը, իսկ 1213-ից՝ Մխիթար Գոշի մահից հետո կոչվել է նրա անունով: 

Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է եկել Աստվածը և ասել. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարի շարունակ լինելու են բերքառատ, դրանց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ է կառուցել և ամբողջությամբ լցրել ցորենով: Երբ հասել է օրհասական պահը, նա գուշ (փայտից աման) է պատրաստել է և դրանով հացահատիկ բաշխել ժողովրդին: Դրա համար էլ նա ժողովրդի կողմից ստացել է Գուշ կամ Գոշ  անունը։ 

Գոշավանքը տեսնելուց, նրա պատմությանը ծանոթանալուց հետո կարող եք այցելել գյուղում գտնվող Մխիթար Գոշի գերեզման, ապա քայլել դեպի անտառում թաքնված Գոշի լիճ, որը գտնվում է գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք։

Աշնանային գունավոր և խիտ անտառով զբոսանքը կհասցնի ձեզ տարվա այս ամիսներին հատկապես գեղեցիկ Գոշ լճի մոտ: 

Լիճն ունի 8 մետր խորություն, 80 մետր լայնություն և 100 մետր երկարություն։ Լիճը սնուցվում է անձրևաջրերով և բնական աղբյուրներով։

Չոր և արևոտ եղանակին լճում հայելային արտացոլվում է շրջակա անտառը: 

Արշավային այս ուղղությունը հեշտ է, երկու ուղղությամբ ունի 7 կմ երկարություն և հնարավորություն է ստեղծում լճի մոտ երկար հանգստի, խարույկի, կրակի վրա պատրաստված թեյի (լճի տարածքում կա խմելու ջրի թաքնված աղբյուր), որի համար մասուրը կարող եք հավաքել աշնանային հարուստ անտառից: Հատուկ բախտավորներն այստեղ կարող են գտնել նաև հաճարենու սերմեր: 

Սեմյոնովկայից Գոշ

Թերևս չափազանցում չի լինի ասել, որ արշավային այս արահետն աշնանային ամենագեղեցիկ՝ մարզից մարզ անցումով երթուղին է: Ի դեպ, նաև՝ ամենաերկար, ուստի խորհուրդ ենք տալիս քայլել այս ուղղությամբ, եթե պատրաստ եք երկար, միաժամանակ տպավորիչ աշնանային զբոսանքի: 

Արշավը մեկնարկում է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, որտեղից ճանապարհն անցնում է Արեգունու լեռներով և իջնում Խաչարձանի կիրճ: Սա հայտնի Գեղարքունիքի մարզի՝ Տավուշի մարզ լեռնանցումն է: 

Բնության մեջ թաքնված նախկին Գեղատափ գյուղն անցնելուց հետո կհասնեք Գետիկ գետի հովտի ձախափնյա լանջին գտնվող Ճերմակավան ամայացած գյուղատեղին։  Այստեղ կարող եք տեսնել «Սպիտակ եղցի» կամ «Աղքիլիսա» եկեղեցուց մնացած մի պատը։ Եկեղեցին հայտնի է նաև Ճերմակավանք անունով: 

Անտառապատ արահետով ճանապահը կշարունակվի դեպի Գոշի լիճ, ապա՝ Գոշ գյուղ։ 

Քանի որ Սեմյոնովկան գտնվում է մյուս բնակատեղիների հետ համեմատած ավելի բարձր դիրքում, ողջ երթուղին ներկայացնում է իրենից էջք դեպի Գոշի լիճ։

Երթուղին միջին բարդության է, ունի 23 կմ երկարություն, մասնակի գծանշված է։ 


Երեք բազեների արահետ

Երեք բազեների արահետ

Երեք բազեների արահետը գտնվում է Դիլիջան ազգային պարկում, Հովք գյուղի մոտակայքում, որտեղից էլ մեկնարկում է արշավը։ 

Արահետը տանում է դեպի Իջևանի լեռների ժայռոտ փեշեր, անցնում Ապակեքար լեռան ստորոտով, շրջանցում Հովք լեռն ու հասցնում «Երեք բազեների արահետ»։ 

Այս հնագույն կածանը գոյություն ունի առնվազն հարյուրավոր տարիներ: Այն անցնում է Սպիտակջուր կոչվող գետակի վերին հոսանքի շրջանով, անտառապատ տեղանքով՝ անմիջապես վերասլաց ժայռերի տակով:

Սա, ի տարբերություն նախորդ երթուղու, ամբողջությամբ գծանշված արահետ է, որը հասցնում է արշավի վերջնակետ՝ Հաղարծին գյուղ։ 

Երթուղին միջին բարդության է, ունի 700 հարաբերական բարձրություն և 16 կմ երկարություն։ 

Քարինջից Մարց

Քարինջ, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Լոռին ճիշտ որոշում է տարվա ցանկացած եղանակի։ Ուստի քայլեք Hike Armenia-յի կառուցած և գծանշած Հայկական ազգային արահետի մաս կազմող Քարինջից Մարց ճանապարհով:

Քարինջ գյուղը բոլորին հայտնի է շնորհիվ նկարիչ Մարտիրոս Սարյանի: 

Մի անգամ Սարյանը գնում է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանին հյուր։ Շրջելով գյուղում՝ նկարիչը դիմացի լեռներում նկատում է Քարինջ գյուղն ու անտարբեր չի կարողանում անցնել։ Գյուղի հիասքանչ բնության պատկերը հանձնում է կտավին՝ դարձնելով այն Քարինջի այցեքարտերից մեկը։ Սարյանի կտավը կոչվում է «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»․ հենց այն է պատկերված հին 5000-դրամանոց թղթադրամի վրա։

Գյուղի անվան վերաբերյալ հետաքրքիր ավանդազրույց կա. ասում են, որ հիմնադրվել է 1800-ականներին, երբ կողքի Մարց գյուղից հինգ ընտանիք տեղափոխվել է այստեղ։ Երբ նորաբնակներին հարցրել են, թե ինչ կա գյուղում, պատասխանել են. «Քար, էլ ի՞նչ»։ Այստեղից էլ առաջացել է գյուղի անունը։ 

Քարինջից դեպի Մարց արահետի երկարությունը 5.6 կիլոմետր է։ Այն Դսեղից եկող երթուղու շարունակությունն է։ Այս թեթև քայլքի ընթացքում կկարողանաք վայելել շրջակա սար ու ձորերի, ինչպես նաև Քարինջ ու Մարց գյուղերի բնապատկերները թռչնի թռիչքի բարձրությունից։ Ընդհանուր արահետը բարդ չէ, հարաբերական բարձրության փոփոխությունը 150-200 մետր է։ 

Արշավն այս արահետով սկսում է Քարինջի փոքրիկ հրապարակից, զառիվեր բարձրանում, անցնում գյուղի միջնադարյան գերեզմանատան կողքով, բաց դաշտերի և անտառների միջով։ 

Արահետը թեքվում է դեպի Մարցագետ և իջնում է թեթևակի՝ հասնելով երկու գյուղերի միջև 12-13-րդ դարերում կառուցված կամրջին։ Արահետի 4-րդ կիլոմետրին ձեր առջև կբացվի դեպի Մարց գյուղ տպավորիչ տեսարանը։ Նոսրանտառներն անցնելուց հետո նորից կհայտնվեք բաց դաշտերում և մեքենայի ճանապարհին զուգահեռ արահետով կիջնեք գյուղի կենտրոն։ 

Մարցի ներսում կա վրանատեղիի հնարավորություն։ Գյուղի շուրջ կարող եք բարձրանալ դեպի մոտակա սարը՝ Մարցի Ամենափրկիչ խաչքարը տեսնելու նպատակով, կամ շարունակել դեպի հարևան Լորուտ գյուղը։

Հայաստանի բազմազան բնությունը, տարբեր բարդության արշավային երթուղիների առկայությունը հրաշալի հնարավորություն են տարվա վերջին տաք օրերը վայելելու համար։ Մնում է միայն ընտրել ամենագայթակղիչ արշավային արահետը, հավաքել ուսապարկն ու մեկնել աշնանային յուրօրինակ կտավի հետ հանդիպման։