Անտառի և կենդանական աշխարհի կանոնները՝ պարզ լեզվով
Շատ անգամ, երբ ասվում է՝ «բնությանը վնաս են տվել», թվում է՝ ինչ-որ վերացական բան է։ Բայց իրականում ամեն կտրված ծառ, գողացված բեզոարյան այծ կամ այրված խոտածածկ ունի իր չափելի, կոնկրետ գինը, որը հաշվարկվում է ՀՀ օրենքով։
Եվ այդ գինը միայն գումար չէ, այլ կորցրած հավասարակշռության,
վտանգված տեսակների, վատթարացած էկոհամակարգերի ու մեր ապագայի գինն է։
Օրենքը երեք պարզ հարց է տալիս։ Ո՞ւմ են վնասել, ինչո՞վ ու ինչքա՞ն է կորուստը։
Այս հոդվածը փոքրիկ ուղեցույց է՝ ցույց տալու, թե ինչպես է պետությունը գնահատում բնությանը հասցված վնասը և ինչ հետևանքներ կարող են ունենալ անօրինական գործողությունները կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ։
Թերևս բնական է, որ այս օրենքների մասին տեղյակ չեք, բայց գիտակից կյանք վարելու համար պետք է դրանք ճանաչել։
Թվում է՝ «ճիշտ է, վնասված ծառ է, կտրեմ», բայց օրենքը կտրուկ հակառակն է ասում․ նույնիսկ այդ ծառի հատումը թույլատրվում է միայն անտառաշինական նախագծի կամ պետական հատուկ թույլտվության շրջանակներում։
Թույլտվության կամ լիցենզիայի բացակայություն
Երբ որևէ մեկը առանց օրենքով նախատեսված լիցենզիայի կամ թույլտվության օգտվում է կենդանական պաշարներից (օրինակ՝ որսում է, հավաքում կամ վաճառում կենդանիներ, ձվեր ու այլ բնական ռեսուրսներ), դա արդեն օրենքի խախտում է։
Հազվագյուտ կամ վտանգված կենդանիների ոչնչացում
Խստիվ արգելված է վնասել կամ ոչնչացնել վտանգված կենդանիներին՝ հատկապես նրանց, որոնք գրանցված են Կարմիր գրքում, ինչպես նաև նրանց բնակավայրերը։
Ցանկացած քայլ, որը կարող է նվազեցնել նրանց թվաքանակը կամ վնասել ապրելավայրը, օրենքով արգելվում է։
Որսի և ձկնորսության կանոնների խախտում
Օրենքը պարզ նշում է՝ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններով կարելի է որս անել կամ ձկնորսությամբ զբաղվել։ Եթե այդ կանոններին ուշադրություն չդարձնենք, դա էլ է համարվում բնապահպանական խախտում։
Կարմիր գրքում գրանցված կենդանիների ձվերը նույնպես լիակատար պաշտպանված են։ Օրենքը սահմանում է, որ դրանք ոչ միայն չպետք է սպանվեն, այլև չպետք է որևէ կերպ դրանցով հետաքրքրվել։ Նույնիսկ ձվերի տեղափոխումը իրավախախտում է։
Թունաքիմիկատներն ու պարարտանյութերը նույնպես կանոնակարգված են։ Նույնիսկ գյուղատնտեսական աշխատողը, եթե թունաքիմիկատ օգտագործի անտառում՝ առանց հատուկ թույլտվության ու վերահսկողության, կհայտնվի օրենքը խախտողների ցուցակում։
Ստորև նշված կենդանիները Հայաստանի ամենաթանկ տեսակներն են․ ոչ թե դրամով չափվող, այլ իրական արժեքով։ Ամեն մեկի կորուստը ազդում է ամբողջ էկոհամակարգի վրա։
Ահա մի քանիսի տուգանքները
- Առաջավորասիական ընձառյուծ — 3 000 000 դրամ
- Բեզոարյան այծ — 3 000 000 դրամ
- Հայկական մուֆլոն — 3 000 000 դրամ
- Գորշ արջ — 1 000 000 դրամ
- Կովկասյան ջրասամույր — 500 000 դրամ
Թռչունների մեջ
- Մորուքավոր արծիվ — 250 000 դրամ
- Սև անգղ — 250 000 դրամ
- Ֆլամինգո — 200 000 դրամ
Եվ այս ցանկը շարունակվում է տասնյակ այլ տեսակներով։
Կան նաև կենդանիներ, որոնց որսը նույնպես օրենքով պատժելի է, պարզապես մարդիկ շատ անգամ չեն գիտակցում, որ նույնիսկ «սովորական» համարվող տեսակի վնասումը կարող է պատասխանատվություն առաջացնել։
- Նապաստակ — 8 000 դրամ
- Սկյուռ — 8 000 դրամ
- Աղավնի — 3 000 դրամ
- Լոր — 2 000 դրամ
- Գյուրզա — 15 000 դրամ
Առաջին հայացքից կարող է թվալ՝ «մանր բան» է։ Բայց հենց այդ փոքր թվացող գործողություններն են պահում բնության նուրբ հավասարակշռությունը։
Երբ ծառ է կտրվում, իրականում միայն փայտը չէ, որ վնասվում է։ Դրա հետ միասին կորչում են ջրի և հողի պաշտպանությունը, ստվերը, օդի մաքրումը և այն կենսական համակարգերը, որոնցից կախված է բոլորիս կենսագործունեությունը և առողջությունը։
Այս պատճառով էլ ծառերի հատման սակագները բավական բարձր են։
Իսկ ծառերի ապօրինի հատման դեպքում վնասը ինչպե՞ս է հաշվարկվում։ Դա կախված է ծառի տեսակից և կոճղի տրամագծից։
Արժեքավոր և հազվագյուտ տեսակներ
(հունական ընկուզենի, սոսի, գիհի, կարմրածառ, պտղատու ծառեր)
- Մինչև 4 սմ — 4 500 դրամ
- 16–20 սմ — 15 000 դրամ
- 30 սմ-ից բարձր — յուրաքանչյուր սմ-ը՝ 1 500 դրամ
Այլ ծառատեսակներ
- Մինչև 4 սմ — 1 000 դրամ
- 20–24 սմ — 6 000 դրամ
- 30 սմ-ից բարձր — յուրաքանչյուր սմ-ը՝ 500 դրամ
Սակագների բազմապատկումներ
- Կարմիր գրքի ծառերի դեպքում — 10 անգամ
- Պահպանվող տարածքներում — 5 անգամ
- Երևանում ապօրինի հատման դեպքում — 10 անգամ
- Այլ բնակավայրերում — 3 անգամ
Օրինակ՝ Երևանում 20 սմ տրամագծով սոսու ապօրինի հատման համար սակագինը կարող է հասնել 100 000 դրամ և ավել։
Կան օրենքների սահմանումներ, որոնց նույնիսկ միայն վերնագրերը բավական են հասկանալու համար, թե ինչ չի կարելի անել։
Ինչո՞ւ է այս ամենը կարևոր
Որքան էլ թվերը մեծ թվան, իրականում բնության համար գումար վճարելը միայն փոքր հատուցում է։ Մի բեզոարյան այծի կամ հսկա ծառի գոյությունը չի վերականգնվում գումարով կամ հաշվարկով։
Բայց օրենքը մեզ հիշեցնում է՝ բնությունը ոչ թե անվճար է, այլ անգնահատելի, և ամեն մի վնաս ունի իր հետևանքները։
Ծանոթացաք կենդանիների ու ծառերի աշխարհին, իսկ հիմա կարելի է մտնել այն բացառիկ տարածքները, որտեղ երկուսն իրար հետ համահունչ գոյություն ունեն։
Անտառներն իրականում կենդանի, զարգացող էկոհամակարգեր են, և հաճախ արշավային արահետները հենց դրանց միջով են անցնում՝ տեղանք, որտեղ գործում են մի շարք օրենքներ։
Օրինակ՝ պետական անտառները չեն վաճառվում, համարվում են հանրային արժեք։
Իսկ եթե մարդն իր հողում է անտառ հիմնում, նա դառնում է տարածքի օրինական սեփականատերը։
Բայց անկախ նրանից, թե ումն է անտառը, մի բան անփոփոխ է՝ պահպանելու պարտականությունը։
Սեփականատերը չի կարող անտառին վերաբերվել, ինչպես ցանկանա։ Օրենսգիրքը պահանջում է պաշտպանել անտառը վնասներից ու հրդեհներից, կանխել ապօրինի հատումները, պահպանել կենսաբազմազանությունը, ճիշտ օգտագործել անտառային հողը՝ առանց այն խեղաթյուրելու։
Սա վերաբերում է ոչ միայն պատիժներից խուսափելուն, այլ նաև բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մշակույթին։
Պետությունը այստեղ հանդես է գալիս ոչ միայն վերահսկողի, այլև պատասխանատու գործընկերոջ դերում, հոգում է, որ անտառները հաշվառվեն, քարտեզագրվեն, պահպանվեն, վերականգնվեն և հսկվեն օրենքով նախատեսված կարգով։
Այսպիսով, անտառը դառնում է համատեղ արժեք՝ գտնվելով պետության, համայնքի և մարդկանց միասնական խնամքի ներքո։
Օրենսգիրքը թույլ է տալիս օգտագործել անտառը՝ բայց խիստ կանոններով
- Կարելի է հավաքել հատապտուղ, սունկ, դեղաբույսեր
- Կարող են կատարվել խնամքի կամ սանիտարական հատումներ
- Կարելի է կազմակերպել զբոսաշրջություն, գիտական ուսումնասիրություններ
Բայց կան կարևոր «Չի՛ կարելի»-ներ
- Չի թույլատրվում անիմաստ կամ զանգվածային հատում
- Չի կարելի վնասել կենսաբազմազանությունը
- Արգելված է անտառային հողը ոչ անտառային նպատակով օգտագործելը՝ առանց օրենքի սահմանած ընթացակարգի
Ամենևին էլ զարմանալի չէ, որ կան նման օրենքներ։
Իրականում օրենսդրությունը շատ մանրակրկիտ է ու պաշտպանում է բնությանն այնպես, որ անգամ մարդու մտքով չի անցնում։
Օրենքը սահմանում է՝ եթե տեսնում եք թարմ ընկած պտուղներ, սունկ, ընկույզ կամ դեղաբույս անտառում, հավաքելուց առաջ պարտադիր է ունենալ համապատասխան թույլտվություն։
Թվում է՝ խենթ է, բայց սա հենց կենդանական և բուսական աշխարհի անվտանգության համար է։
Բնությունը «պահելը» սկսվում է մեզնից, երբ ավելի պատասխանատու ենք վերաբերվում շրջակա միջավայրին ու պարզապես չենք վնասում, արդեն իսկ օգնում ենք այն պահպանել։