Ձմեռն իր սպիտակ վրձնով յուրահատուկ է գեղեցկացնում Հայաստանի բնությունը, ձյունե ծածկոց գցում լեռնագագաթներին և անտառային արահետներում՝ նոր հորիզոններ բացելով արշավասերների համար։ Այս եղանակին արշավելը բացառիկ հնարավորություն է ինչպես ազդեցիկ բնապատկերներ վայելելու, այնպես էլ՝ բնության ներդաշնակության և լռության մեջ լիովին ընկղմվելու համար։
Ձյունածածկ կիրճեր, անտառային արահետներ, սառցե ջրվեժներ․ արշավային երթուղիների բազմազանությունը վայելելու համար առաջարկում ենք հեշտ և միջին բարդության մի քանի երթուղի Հայաստանի չորս՝ Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։
Քայլարշավ Վարդագույն կիրճով
Վարդագույն կիրճը գտնվում է Արարատի մարզում, Երանոսի լեռների լանջերին։ Անվանումը ստացել է կիրճում առկա վարդագույնի բազմաթիվ երանգներով հարուստ երկրաբանական կազմավորումների՝ դենդրիտների շնորհիվ:
Վարդագույն կիրճ հասնելու մի քանի երթուղի կա. առաջարկում ենք քայլարշավը սկսել Արարատի մարզի Լանջազատ գյուղից։ Քայլարշավի ընթացքում կտեսնեք Երանոս և Անապատական լեռները, երկրաբանության տեսանկյունից առանձնահատուկ կառուցվածք ունեցող քարե սյուներ, տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված շերտավոր քարե ժայռեր, մի քանի մետր բարձրություն ունեցող բուրգը։
Քայլարշավը հարուստ է ոչ միայն դեպի կիրճ բացվող տեսարաններով, նաև՝ դեպի շրջակա լեռները՝ Մասիսը, Գեղամա լեռնաշղթան, ինչպես նաև այս շրջանում հատկապես տպավորիչ Ազատի ջրամբարը։
Երթուղու ավարտին կարող եք այցելել նաև Գետազատ գյուղից 1 կմ հյուսիս գտնվող Տիկնունի ամրոց, որը ծառայել է որպես ամառանոց պալատական տիկնանց համար։Քայլարշավը Վարդագույն կիրճով ունի ընդհանուր 13 կմ երկարություն և մոտ 550 մետր հարաբերական բարձրություն։
Քայլարշավ Հրեշտակների ձորում
Եթե Վարդագույն կիրճը զարմացնում և հիացնում է վարդագույնի իր երանգներով, ապա Արարատի մարզի ևս մեկ քայլարշավային երթուղի՝ Հրեշտակների ձորը, աչքերի համար տոն է իր դեղնակարմրավուն երանգների շնորհիվ։
Դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա, Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛տեղացիների, թե՛զբոսաշրջիկների շրջանում:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին ցուցանակը:
Ժայռաբեկորներով լի կիրճը գրեթե զուրկ է բուսականությունից, բայց լի է տարատեսակ քարերով։ Երկու ուղղությամբ 7 կմ երկարություն ունեցող այս երթուղին հիանալի տարբերակ է թեթև և գեղեցիկ տեսարաններ ցանկացող արշավորդների համար։
Քայլարշավ Քարակաքավների արահետով
Կարճ և թեթև ևս մեկ երթուղով քայլելու համար շարունակեք ճանապարհը Արարատի մարզից դեպի Վայոց ձոր։ Ձմռան ամիսներին այն լրացուցիչ հմայք ու գրավչություն է ստանում մարզի դեղնակարմրի ու ձյան սպիտակի համադրության, ինչպես նաև՝ տաք ու արշավելու տրամադրող կլիմայական պայմանների շնորհիվ։
Արահետն իր անունը ստացել է քարքարոտ լանջերին բնակվող քարակաքավ թռչնի անունից, որոնց տեսնելու հնարավորությունը բախտ է վիճակվում հաջողակներին, ինչպես նաև լուռ քայլողներին։ Բախտն այստեղ կարելի է չափել նաև Նորավանքի կարմրավուն ժայռերով թռչկոտող բեզոարյան այծեր հանդիպելու հանգամանքով։
Արշավը մեկնարկում է դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհից և ուղեկցվում դեպի Նորավանք վանական համալիր և Գնիշիկի կիրճ բացվող հրաշք տեսարաններով։
Երթուղին թեթև է, ունի 8 կմ երկարություն և հրաշալի նարավորություն է անշտապ վայելելու վայոցձորյան գույներն ու ձմռանը ջերմացնող արևը։
Քայլարշավ Հավուց Թառ
Վայոց ձորի մարզից տեղափոխվեք Կոտայքի մարզ ու քայլեք բնության և պատմամշակութային հուշարձաններով լի Խոսրովի պետական արգելոցի տարածքում։
Քայլարշավը մեկնարկում է Գառնի գյուղում գտնվող Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի մոտ. միջնադարյան կամրջով (11 դար) անցնելով Ազատ գետը՝ կհայտնվեք դեպի Հավուց Թառ վանական համալիր տանող Հայաստանի հնագույն արահետներից մեկի վրա։ Նրա մեծ մասն անցնում է Խոսրովի արգելոցի տարածքով, մշտադալար գիհիների անտառի միջով՝ գեղեցիկ տեսարաններ բացելով դեպի Գառնու տաճարն ու համանուն գյուղը։
Հավուց Թառ վանական համալիրը հիմնադրվել է XI դարում և հանդիսացել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։ Այն մեծապես տուժել է 1679 թ․ երկրաշարժից, 1721 թ․ Աստվածատուր Համադանցի կաթողիկոսը փորձել է վանքի հին քարերով կառուցել նոր եկեղեցի, սակայն աշխատանքները մնացել են անավարտ։ Հավուց Թառը վերջնականապես ավերվել է 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Երթուղու երկարությունը՝ 8 կմ։
Խոսրովի սառցե ջրվեժներ
Խոսրովի արգելոցում գտնվող, հայ հեթանոսական աստվածների անունները կրող Աստղիկի և Վահագնի ջրվեժները ձմռան այս ամիսներին սառցե հանդերձանքի շնորհիվ յուրահատուկ գեղեցիկ են դառնում, նրանց այս կերպարում չտեսնելը կարելի է ներառել արշավային հանցագործությունների շարքում։
Այս քայլարշավը նույնպես մեկնարկում է Գառնի գյուղից` անցում միջնադարյան կամրջով, մուտք Խոսրովի պետական արգելոց և միջինից երկար քայլք դեպի Աստղիկն ու Վահագնը։
Ճիշտ է՝ երթուղին երկար է (18կմ), բայց հեշտ ու հասանելի՝ դեպի Ազատ գետն ու համանուն կիրճը բացվող աննման տեսարաններով։
Քայլարշավ դեպի Օկոնավանք
Տավուշի սաղարթախիտ անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով անցնող այս երթուղին ձմեռային հեքիաթում երկար քայլելու հրավեր է, որը շատ դժվար է մերժել առատ, կուսական սպիտակ ձյան պայմաններում։ Ոտքերի տակ ճռճռացող ձյուն, ճյուղերից վայր ընկնող, դեմքի վրա հալչող, երբեմն ծարավ հագեցնող ձյան փաթիլներ, կատարյալ լռություն. հնարավո՞ր է արդյոք հրաժարվել HIKEArmenia-ի Հայաստան-ի Ազգային Արահետի մաս կազմող Օկոնավանքի երթուղին ձմռանը նույնպես վայելելուց։
Շատերն են եղել Լաստիվերում, իսկ ովքե՞ր են շարունակել ճանապարհը դեպի Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանք, Մթնասարի և Իջևանի լեռնաշղթաների միջև ընկած հովտում թաքնված Օկոնավանք։ Ձմեռն անկրկնելի հնարավորություն է դեպի վանք տանող անտառաշատ ճանապարհի ողջ հմայքը զգալու համար։
Մեկնարկելով Ենոքավանքից, հայտնվելով Լաստիվերում՝ շարունակեք ձեր ճանապարհը դեպի միջնադարյան Օկոնավանք։ Երկար (17 կմ) քայլարշավը քաղաքի անվերջ աղմուկից հետո կդառնա ձմեռային մեդիտացիա ու կստիպի ձեզ նորից հայտնվել սաղարթախիտ այս անտառում՝ պարգևատրելով երթուղու ավարտին գտնվող շատ ուրույն տեսք ու դիրք ունեցող վանքով։
Օկոնովանքը քիչ հայտնի վանքերից է, նրա մասին տեղեկություններն էլ շատ չեն. կառուցվել է 1863 թվականին, եռանավ բազիլիկ եկեղեցի է, ներսում կան սրբատաշ սյուներ, որոնց վրա հենված են տանիքին միացող կամարները։ Օկոնավանքը կառուցված է որձաքարի բեկորներից, նրանից քիչ հեռու գտնվում է 19-20 դարերի գերեզմանատունը։ Վանքի դիմաց տեղադրված է 12-13-րդ դարերով թվագրված թևավոր խաչը, նրա մասին տեղեկություններ նույնպես չկան։
Ձմեռը ոչ միայն տանը գրքի և գինու շուրջ տաքուկ երեկոներ անցկացնելու հնարավորություն է, այլ նաև հրավեր՝ նորովի բացահայտելու մեզ արդեն հայտնի քայլարշավային երթուղիները։ Ու եթե տարվա մյուս երեք եղանակները բնության հետ շփվելու ամենահայտնի լեզուներն են, ապա ձմեռը՝ այն մեկը, որով հաղորդակցվելն անմոռանալի տպավորություն է թողնում ողջ արշավային կյանքի համար։
Ձյան ծածկոցի տակ թաքնված հեքիաթային աշխարհը նոր հյուրերի է սպասում իր տան շեմին…