«Ճտերն աշնանն են հաշվում» հայտնի ասացվածքն ադապտացնենք արշավական կյանքին և ասենք, որ «Բարդ սարերն ամռանն են հաշվում», ինչը նշանակում է, որ ամառը լավագույն ժամանակն է բարդ և բազմօրյա արշավների համար։ Նախ սովորաբար ձմեռն ու գարունը լավ ֆիզիկական վիճակի նախապատրաստական շրջան են հանդիսանում. արշավային կյանքի կայունությունն այս ժամանակահատվածում դառնում է ամառային լեռնային հաջողությունների գլխավոր գրավականը։ Իհարկե, չմոռնանանք նաև, որ հայկական լեռնաշխարհի բարդ և բազմօրյա ուղղությունները հասանելի են դառնում հունիսի վերջից, երբ 3000 մետրից վեր հալվում է ձմռանն առատ եկած ձյան մեծ մասը և հասանելի դարձնում այդ ուղղությունները լեռնասերների համար։

Այս հոդվածում կներկայացնենք բարդ և (կամ) բազմօրյա արշավների պատրաստվածության ընթացքը։ Ճիշտ է՝ մեկ նյութի շրջանակներում անհնար է պատմել ճամփորդության բոլոր մանրուքների մասին, այս տեքստը կօգնի ճիշտ կառուցել նախապատրաստական ընթացքն ու բաժանել այն փուլերի։
 

Պատրաստվածությունը պահանջում է համալիր մոտեցում՝

  • ֆիզիկական մարզումներ և արշավային փորձառություն
  • երթուղու մանրակրկիտ պլանավորում, նավիգացիա և անվտանգություն
  • աշխատանք բարձրության հետ
  • գույքի և հանդերձանքի գրագետ ընտրություն
  • սնունդ

 

Ֆիզիկական մարզումներ և արշավային փորձառություն
 

Առաջնային նպատակը ուսապարկով երկար քայլքին սովորելն է։ Բարդ և բազմօրյա արշավներին պետք է պատրաստվել ավելի հեշտ, կարճ և մեկօրյա արշավներին հաճախակի մասնակցելով։ Այդպես ձեր օրգանիզմն ու մարմինն ավելի հեշտ կադապտացվեն երկար երթուղիներին և բարձրություններին, իսկ դուք հնարավորություն կունենաք գնահատել ձեր ուժերը, ինչպես նաև ձեր հանդերձանքի և գույքի հարմարավետությունն ու կհաշվարկեք մեկ օրվա համար անհրաժեշտ սննդի և ջրի ծավալը։
 

Բարդ և բազմօրյա արշավները պահանջում են տոկունություն, ինչը զարգացնելու համար կարելի է դիմել տոկունության մարզաձևերի օգնությանը․ վազքը, հեծանվասպորտն ու լողը միանշանակ դրական ազդեցություն ունեն լեռնային բարդ ուղիներ հաղթահարելու վրա։
 

 

Երթուղու մանրակրկիտ պլանավորում, նավիգացիա և անվտանգություն
 

Մանրամասն ուսումնասիրեք երթուղին, որով պատրաստվում եք քայլել, հաշվեք կիլոմետրաժը, բարձրության տատանումներն ու տեխնիկական բարդությունը՝ համոզվելով, որ այն համապատասխանում է ձեր մարզավիճակին։ Բազմօրյա արշավների դեպքում կարևոր է նաև ուսումնասիրել տեղանքի ջրային աղբյուրները՝ դրանց բացակայության դեպքում ջրի պաշարներ ունենալու համար։
 

Քանի որ 3000 մետրից բարձր կապը գրեթե բացակայում է, հարկ է ունենալ օֆլայն (օրինակ, maps.me) կամ թղթային քարտեզներ, գրանցվել տեղի փրկարար ծառայություններում, տեղեկացնել մտերիմներին ճամփորդության ժամկետների ու երթուղու մանրամասների մասին։
 

 

Աշխատանք բարձրության հետ
 

Հայկական լեռնաշխարհի երթուղիների մեծ մասը 2500-3000 մետրից բարձր են, ինչը նշանակում է, որ արագության ռեկորդներ սահմանել պետք չէ, քանի որ շնչելը դառնում է ավելի բարդ։ Հանգիստ քայլքը և ջրի հաճախակի ընդունումը հարմարավետ և հաճելի կդարձնեն բարձրության վրա գտնվելը։
 

Geghama mountains

 

Գույք, հանդերձանք
 

Արշավը հարմարավետ դարձնելու համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական պատրաստվածությունը։ Անգամ եղանակային կանխատեսումներին հետևելով հաճախ անհնար է լինում գուշակել բնության տրամադրությունը, ուստի բարդ և բազմօրյա արշավներին հատկապես կարևոր է ճիշտ հանդերձանքի և գույքի առկայությունը. դրանք կխնայեն ձեր ուժերը ճանապարհը հաղթահարելու համար։
 

Կարևոր է նշել, որ ամբողջ հանդերձանքն ու գույքը պետք է փորձարկված լինեն ավելի հանգիստ պայմաններում, օրինակ, կոշիկները՝ մեկօրյա արշավներին կամ քաղաքային պայմաններում, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոշտուկներից, իսկ բազմօրյա արշավների համար նախատեսված գույքը՝ մեկ գիշերակացով արշավի ընթացքում։
 

Անհրաժեշտ իրերը բաժանենք երկու խմբի՝ հանդերձանք և գույք։
 

Հանդերձանք
 

  • արշավային երկարաճիտ, հաստ տակացուով կոշիկներ
  • արշավական զանգապաններ
  • մի քանի զույգ թերմոգուլպաներ՝ կախված արշավի օրերի թվից
  • արշավային անջրաթափանց տաբատ
  • թերմոհագուստ
  • ֆլիսե բաճկոն
  • քամուց և անձրևից պաշտպանող բաճկոն
  • տաք և փոխնորդ հագուստ
  • արևապաշտպան և տաք գլխարկներ
  • ակնոց
  • բաֆ
  • ձեռնոց՝ հաստ և բարակ
  • լողազգեստ, սրբիչ (լեռնային բարձրադիր լճերում լողալն այս շրջանի ամենագլխավոր գայթակղությունն է)

Գույք
 

  • ուսապարկ 25-30 լիտր տարողունակությամբ՝ մեկօրյա արշավի համար, բազմօրյա արշավների համար անհրաժեշտություն կլինի 70-80 լիտր տարողունակություն ունեցող ուսապարկի՝ արշավային գույքն ու հանդերձանքը տեղավորելու համար
  • երկշերտ վրան
  • քնապարկ
  • գորգ (կարիմատ)
  • թրեքինգային փայտիկներ
  • թերմոս և ջրի տարա
  • անձնական սպասք բազմօրյա արշավների համար
  • ճակատային լապտեր պահուստային մարտկոցներով
  • power bank
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • անհատական հիգիենայի միջոցներ

 

Սնունդ
 

Սնունդը մեր էներգիայի հիմնական աղբյուրն է, ուստի բարդ և բազմօրյա արշավներին պատրաստվելիս հատուկ ուշադրությամբ է պետք մոտենալ դրա ընտրությանը։
 

Երկար քայլքի համար օրական անհրաժեշտ է՝
 

  • 3000-5000 կկալ էներգիա
  • 3 հիմնական սննդընդունում
  • 1-2 միջուտեստ քայլի ընթացքում (միջուտեստի հիանալի տարբերակ են ընդեղենն ու չրեղենը)

Էներգիայի հիմնական աղբյուրն ածխաջրերն են, բայց կարևոր է ընդունել նաև ճարպեր ու սպիտակուցներ 4:1:1 հարաբերակցությամբ։
 

Բազմօրյա արշավների հիմնական սննդընդմիջման հրաշալի տարբերակ է սուբլիմացված սնունդը (հայկական Ecosnack-ը, հոլանդական Adventure Food-ը, նորվեգական Real Turmat-ը), որի շատ բազմազան տեսականի է ներկայացված շուկայում։ Այն ունի թեթև քաշ, ինչի շնորհիվ հնարավոր է թեթևացնել ծանրացած ուսապարկը։ Այս տեսակ սննդամթերքի թերևս միակ թերությունը միջինից բարձր արժեքն է։
 

Առանձին անդրադառնանք գազօջախին, որը անհրաժեշտ կլինի բազմօրյա արշավների ժամանակ (եթե, իհարկե, չեք որոշել ձեր սնունդը կրակի վրա պատրաստել)։ Գազօջախները մի քանի տեսակի են լինում. խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսին, որը կլինի մաքսիմալ կոմպակտ և կապահովի սննդի արագ պատրաստումը։
 

Բարդ և բազմօրյա արշավները սեփական ուժերն ու հնարավորությունները գնահատելու լավագույն փորձառություններից են, և հենց դրանց նախնական պատրաստվածությունն է արշավը դարձնում ոչ թե գոյատևում, այլ իրական ճամփորդություն։ Լավ ֆիզիկական վիճակ, գրագետ ընտրված գույք և հանդերձանք, երթուղու առանձնահատկությունների մասին տեղեկությունների պաշար․ այս ամենը թույլ կտա կենտրոնանալ ամենակարևորի վրա՝ վայելել լեռները, բացահայտել նոր վայրերն ու սեփական մարմնի ու մտքի հնարավորությունները, հաճույք ստանալ ամեն քայլած կիլոմետրից։ Որքան պատրաստված լինեք, այնքան ավելի ազատ և ինքնվստահ կզգաք ձեզ երթուղու վրա։
 

032

Բայց և պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ տեսարանները հեշտ չեն տրվում։ Նրանց ետևում ծանր ուսապարկն է, թաց կոշիկները. հենց այս պատճառով սարերում հանդիպած գեղեցիկ տեսարանն իսկական մրցանակ է թվում։ Մի քանի օրից կմոռացվեն ուսապարկի քաշը, ոտքի կոշտուկները, կջնջվի անցած կիլոմետրերի հաշիվը, բայց կմնա այն բացառիկ զգացողությունը, երբ նստած էիր լեռան գագաթին կամ խարույկի կողքին, վրանի մոտ ու հասկանում էիր, որ այսօր դու շարժվել ես միայն առաջ։