Կենսաբազմազանությունը Հայաստանի Ազգային Արահետի երկայնքով

Կենսաբազմազանության համառոտ ակնարկ

Կենսաբազմազանությունը կամ կենսաբանական բազմազանությունը բնութագրում է Երկրի վրա գոյություն ունեցող բույսերի, կենդանիների և կյանքի այլ ձևերի բազմազանությունը։ Կենսաբազմազանության գնահատման չափանիշներից մեկը տվյալ միջավայրում հանդիպող տարբեր տեսակների քանակն է։

Կենսաբազմազանության թեժ կետեր են համարվում այն տարածաշրջանները, որտեղ կենտրոնացած են մեծ թվով էնդեմիկ տեսակներ, որոնք միաժամանակ գտնվում են անհետացման բարձր վտանգի տակ։ Մասնավորապես, Conservation International կազմակերպությունը կենսաբազմազանության թեժ կետերը սահմանում է երկու հիմնական չափանիշի հիման վրա.

  • Առնվազն 1,500 էնդեմիկ բուսատեսակների առկայություն։ Բույսերը կենսական դեր ունեն էկոհամակարգերի կենսական ցիկլում և շրջակա միջավայրի ընդհանուր առողջության ու կայունության կարևոր ցուցիչ են։
  • Բնական բուսածածկույթի ավելի քան 70%-ի կորուստ, այսինքն՝ սկզբնական բուսածածկույթի 30%-ից պակասն է պահպանվել։

Կովկասի՝ որպես կենսաբազմազանության թեժ կետի կարգավիճակը՝ ըստ Critical Ecosystem Partnership Fund-ի, 2000 թ․

Կովկասի՝ որպես կենսաբազմազանության թեժ կետի կարգավիճակը՝ ըստ Critical Ecosystem Partnership Fund-ի, 2000 թ․

Կենսաբազմազանության թեժ կետի կարգավիճակը կարևոր է այս տարածքների պահպանության առաջնահերթությունները սահմանելու և դրանց պաշտպանության հրատապությունն ընդգծելու համար։ Հայաստանը գտնվում է Կովկասի տարածաշրջանում և, ըստ Critical Ecosystem Partnership Fund-ի, աշխարհի 36 պաշտոնապես ճանաչված կենսաբազմազանության թեժ կետերից մեկի մասն է կազմում։

Հայաստանի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել կենսաբազմազանության բազմաթիվ դրսևորումների, ինչպես նաև դրանց սպառնացող վտանգների։ Այսօր իրականացվում են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների կանխարգելմանը և այդ տարածքների պահպանությանը՝ մեկտեղելով ջանքերը շրջակա համայնքների բնակչության հետ։

HIKEArmenia-ն և Հայաստանի Ազգային Արահետը (ՀԱԱ)

Հայաստանի ազգային արահետի տարածաշրջանները

Հայաստանի ազգային արահետը (ANT) հյուսիսում սկիզբ է առնում Լոռիից, արևելքում ձգվում դեպի Տավուշ, այնուհետև անցնում Գեղարքունիքով և Վայոց ձորով՝ վերջապես ավարտվելով Սյունիքի ամենահարավային հատվածում։ Ստորև ներկայացնում ենք կենսաբազմազանության վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստեր և օգտակար ուղեցույց՝ արահետի յուրաքանչյուր մարզի մասին։

Լոռի

Դեբեդի կիրճ

Դեբեդի կիրճ

Լոռին հայտնի է իր գեղեցիկ Դեբեդի կիրճով։ Քանի որ այս տարածաշրջանն առանձնահատուկ նշանակություն ունի թե՛ բնապահպանական, թե՛ մշակութային տեսանկյունից, այստեղ կան բազմաթիվ տեղական ռեսուրսներ, որոնցից կարելի է օգտվել, ինչպես նաև հետաքրքիր զբաղմունքներ, որոնք արժե փորձել։

COAF-ի (Հայաստանի մանուկներ հիմնադրամ) այցելուների կենտրոնը հիանալի կանգառ է Լոռու բնության և համայնքների մասին ավելին իմանալու, քարտեզներ և այլ օգտակար նյութեր ձեռք բերելու, ինչպես նաև տարածաշրջանում հասանելի տարբեր զբաղմունքներին ծանոթանալու համար։

Դսեղ գյուղում կարող եք այցելել նաև Դսեղի բնության այցելուների կենտրոն և տեղեկանալ թռչնադիտարկման բացառիկ հնարավորությունների մասին։

Հայաստանի ամենահայտնի և անհետացման առավել մեծ վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից մեկը կովկասյան ազնվացեղ եղջերուն է, որը հայտնի է նաև որպես կովկասյան եղջերու։ Ժամանակին տարածված լինելով Հայաստանի մեծ մասում՝ նրա պոպուլյացիան տասնամյակների ընթացքում կտրուկ նվազել է որսագողության և բնական կենսամիջավայրերի խաթարման հետևանքով։

Սակայն 2013 թվականին Հայաստանը՝ WWF Հայաստանի աջակցությամբ, նախաձեռնեց այս եղջերուների վերաբնակեցման ծրագիր Լոռու և Տավուշի մարզերում։ Ծրագիրը դրական արդյունքներ է գրանցել, և շարունակվում է մինչ օրս։

Տավուշ

Խաչարձան, Հայաստանի ազգային արահետ

Խաչարձան, Հայաստանի ազգային արահետ

Տավուշի մարզը Հայաստանի ամենահայտնի արշավային ուղղություններից մեկն է։ Այն լեռնային և անտառապատ տարածաշրջան է, որտեղ գտնվում է Դիլիջան ազգային պարկը։ Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ արշավային արահետներ, որոնք համադրում են հարուստ բնությունն ու մշակութային տեսարժան վայրերը, օրինակ՝ Հաղարծինի վանքը։

Թեև Հայաստանի ողջ տարածքը հարուստ է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, Դիլիջանը հատկապես հայտնի է սնկերի առատությամբ։ Դիլիջանով արշավողներին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել արահետի երկայնքով հանդիպող սնկերին։

Snker.am և iNaturalist հարթակները հիանալի ռեսուրսներ են Դիլիջանում և Հայաստանի այլ վայրերում հանդիպող սնկերը ճանաչելու և նույնականացնելու համար։

Go to Dili-ն առցանց հարուստ տեղեկատվական հարթակ է, որտեղ կարող եք ավելին իմանալ կենսաբազմազանության, բնապահպանական ծրագրերի, մշակույթի, պատմության և տարածաշրջանում հասանելի զանազան փորձառությունների մասին։

Դիլիջանում գործում է նաև Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որտեղ այցելուները կարող են տեղեկանալ բացօթյա ակտիվությունների մասին, վարձակալել անհրաժեշտ գույք և ոգեշնչվել տեղի համայնքի անդամների ու առաջնորդների պատմություններով։

Գեղարքունիք

Գեղարքունիքում է գտնվում Սևանա լիճը՝ Հարավային Կովկասի ամենամեծ լիճը։ Լիճը և նրան հարակից խոնավ տարածքները բազմաթիվ էնդեմիկ բուսական և կենդանական տեսակների բնակավայր են։ Դրանց թվում են Սևանի իշխանը, հայկական որորը և «Լռջուն Սևանի» անվամբ հայտնի ոսկեգույն, բազմամյա ծաղկող բույսը (գիտական անվանումը՝  Isatis sevangensis)։ Սակայն այս և բազմաթիվ այլ տեսակներ այսօր գտնվում են անհետացման ծայրահեղ վտանգի տակ՝ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների, հատկապես Սևանա լճի ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով։

Գեղարքունիքում է գտնվում Սևանա լիճը՝ Հարավային Կովկասի ամենամեծ լիճը։ Լիճը և նրան հարակից խոնավ տարածքները բազմաթիվ էնդեմիկ բուսական և կենդանական տեսակների բնակավայր են։ Դրանց թվում են Սևանի իշխանը, հայկական որորը և «Լռջուն Սևանի» անվամբ հայտնի ոսկեգույն, բազմամյա ծաղկող բույսը (գիտական անվանումը՝ Isatis sevangensis)։ Սակայն այս և բազմաթիվ այլ տեսակներ այսօր գտնվում են անհետացման ծայրահեղ վտանգի տակ՝ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների, հատկապես Սևանա լճի ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով։

Այս խնդրի վերաբերյալ տեղական և միջազգային հետազոտությունները շարունակվում են, սակայն դրա հստակ պատճառները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն։ Հայտնի է, որ պատճառներից մեկը կարող է լինել մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը։

Սևանա լճի և հարակից տարածքների պահպանության նպատակով 1978 թվականին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, սակայն այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու։

Վայոց ձոր

Վարդենյաց լեռնանցք

Վարդենյաց լեռնանցք

Վայոց ձորն առանձնանում է իր չորային և քարքարոտ բնապատկերով։ Մարզը հայտնի է Նորավանքի վանական համալիրով, ինչպես նաև Արենիի գինեգործական ավանդույթներով և գինեգործարաններով։

Այստեղ է նաև բեզոարյան այծի բնակության տարածքներից մեկը։ Այս այծատեսակը բնիկ է Հայաստանի համար և գտնվում է անհետացման վտանգի տակ։

Այս և այլ էնդեմիկ ու վտանգված տեսակների, ինչպես նաև նրանց բնական կենսամիջավայրերի պահպանության նպատակով 2013 թվականին ստեղծվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտը։

Սյունիք

Սյունիքը Հայաստանի ամենահարավային մարզն է։ Հայաստանի ծայր հարավում՝ Իրանի սահմանին, գտնվում է «Արևիկ» ազգային պարկը։

Սյունիքը Հայաստանի ամենահարավային մարզն է։ Հայաստանի ծայր հարավում՝ Իրանի սահմանին, գտնվում է «Արևիկ» ազգային պարկը։

Այս պահպանվող տարածքը ստեղծվել է բազմաթիվ կենդանատեսակների, այդ թվում՝ խիստ վտանգված և Կովկասին բնորոշ կովկասյան ընձառյուծի համար կենսական նշանակություն ունեցող բնական միջավայրը պահպանելու նպատակով։

Ընձառյուծների պոպուլյացիայի պահպանության և վերականգնման ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում նաև WWF կազմակերպության կողմից՝ 2002 թվականից ի վեր։

Կայուն զբոսաշրջություն և գիտակցված հանգիստ բնության գրկում

Որպեսզի արշավականներն էլ իրենց ներդրումն ունենան կենսաբազմազանության և բնական միջավայրի պահպանության գործում, ստորև ներկայացնում ենք մի քանի պարզ, բայց կարևոր քայլեր, որոնք կարող եք կիրառել արահետով քայլելիս։

  • Հետևեք գծանշված արահետին։ Այդպես կխուսափեք շրջակա բնական միջավայրին վնասելուց և կենդանիների ու բույսերի կենսագործունեությունը խաթարելուց։
  • Վայելեք և հարգեք բնությունը։ Հիացեք արահետի երկայնքով հանդիպող բույսերով և կենդանական աշխարհով՝ առանց դրանք պոկելու, վնասելու կամ անհանգստացնելու։
  • Հետևեք «Ոչ մի հետք չթողնել» սկզբունքին (Leave No Trace)։ Ձեզ հետ վերցրեք ձեր բերած բոլոր իրերն ու առաջացած աղբը՝ բնության մեջ ոչինչ չթողնելով։ Սա ներառում է նաև բնության գրկում զուգարանից օգտվելու համապատասխան կանոնների պահպանումը։
  • Դարձեք քաղաքացի գիտնական։ Բնության միջով քայլելիս արշավականները կարող են արժեքավոր ներդրում ունենալ գիտության մեջ։ Արահետի վիճակի, բույսերի կամ կենդանիների նույնականացման և դիտարկումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել։
    • Կիսվեք ձեր դիտարկումներով HIKEArmenia-ի հետ։ Տեղեկացրեք մեզ, թե ինչպես անցավ ձեր արշավը, ինչ վիճակում էր արահետը և արդյոք ճանապարհին նկատել եք որևէ խնդիր կամ փոփոխություն։
    • iNaturalist-ը տեսակների նույնականացման հայտնի հարթակ է, որը հիմնվում է բնությամբ հետաքրքրված մարդկանց դիտարկումների և ներդրումների վրա։ Այն նաև հիանալի ռեսուրս է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության մասին ավելին սովորելու համար։