Հայաստանում ճանապարհորդելը մի ողջ աշխարհ է՝ մի երկրի սահմաններում։ Միայն մեկ ուղևորության ընթացքում կարող եք բացահայտել և՛ հնագույն պատմություն, և՛ հարուստ մշակույթ, և՛ առեղծվածներով լի անցյալ, և թե՛ շքեղ բնություն՝ իր գեղատեսիլ ջրվեժներով ու մշակութային կոթողներով։ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր մարզում հնարավոր է հանդիպել մի քանի ջրվեժների, որոնց , տեղացիների խոսքով՝ «պետք է անպայման տեսնել»։ Մենք առանձնացրել ենք ընդամենը հինգը՝ իբրև օրինակ, սակայն, ցանկում հեշտությամբ կարող էին տեղ գտնել նաև Գեղարոտի, Հեր-Հերի, Մանթաշի, Շշնջացող, Ծավի, Ջրահարսի վարսեր և բազմաթիվ այլ ջրվեժներ։ 
  

Շաքիի ջրվեժ
  Շաքիի ջրվեժ

Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Շաքիի ջրվեժն է, որը գտնվում է  Սիսիան քաղաքից 3 կիլոմետր հեռու։ Ջուրը հորդում է բարձր ժայռերից՝ ստեղծելով կախարդական տեսարան։ Երթուղին կարճ և հարմար է․ այնպես, որ նույնիսկ անպատրաստ այցելուն չի հոգնի։ Եթե ճանապարհորդության ամենասիրելի հատվածը առասպելներն ու ավանդազրույցներն են, ապա տեղացիները մեծ հաճույքով ձեզ կներկայացնեն ջրվեժի  շուրջ հյուսված պատմություններ։ Ճանապարհորդությունը կարող եք շարունակել Գորիսից դեպի Քարահունջ և Խոտ գյուղեր, որտեղ բացահայտումներըչեն ավարտվում։ Այնպիսի մի զգացողություն է, կարծես՝ հայտնվել եք անցյալի և ներկայի խաչմերուկում։ Արահետի քարայր կացարաններն ու ավերակ բնակավայրերը կապշեցնեն իրենց տեսքով և բնական գեղեցկությամբ։ 

Կարևոր է իմանալՇաքիում ցանկալի է լինել ցերեկվա ժամերին, որպեսզի ջրվեժն իր ողջ ծավալով տեսանելի լինի։ 

Դեպի ջրվեժ գնալ-գալը՝ 600 մ

Մարզը՝ Սյունիք

  

Թաքնված ջրվեժ
   

Քայլելու եք բնության ամենագեղեցիկ տեսարաններից մեկով։ Հայաստանում ջրվեժները բազմազան են․ հզոր ու աղմկոտ ջրվեժներից մինչև սակավաջուր ու միջին չափի անկյունային գեղեցկություններ։ Կան նաև այնպիսինները, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն։ Նմաններից է Թաքնված ջրվեժը, որին կարելի է հասնել միայն քայլելով՝ անտառի խորքը տանող արահետով։

Արշավը սկսվում է Հաղարծնի վանքից. արահետի սկիզբը հենց այստեղից է։ Չե՛ք մոլորվի, ճանապարհը հստակ նշված է քայլարշավային նշաններով։ Այստեղի բնությունն անսովոր գեղեցիկ է։ Եթե ուշադիր լինեք, կզգաք անտառի յուրահատուկ բույրը՝ խոնավ հողի, սնկերի և տերևների մեղմ անուշահոտությունը։

Դեպի ջրվեժ գնալ-գալը՝ 1,6 կմ

Մարզը՝ Տավուշ
    

Թռչկանի ջրվեժ

  Թռչկանի ջրվեժ  

Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում գտնվող այս ջրվեժը իրական «կռվախնձոր» է երկու մարզերի բնակիչների միջև․ յուրաքանչյուրը պնդում է, որ Թռչկանը իրենց տարածքում է։  Բայց անկախ նրանից՝ ումն է, մի բան հստակ է․ սա Հայաստանի ամենաջրառատ ջրվեժն է։ Ոմանք ասում են մեր Նիագարան է, պարզապես մի փոքր ավելի համեստ ու զուսպ։ 

Տարածքի բնությունը տպավորիչ է՝ հազվագյուտ կենդանիներով և բույսերով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում։  Եթե հետևեք արահետին, վերջում կհասնեք դիտակետին։ Հենց այնտեղ նստեք նստարանին ու պահեք շունչը՝ ձեր աչքի առաջ Թռչկանն է իր ամբողջ գեղեցկությամբ։

Դեպի ջրվեժ գնալ-գալը՝ 7,1 կմ 

Մարզը՝ Լոռի, Շիրակ
    

Լիճքի և Սրտերի ջրվեժներ
    
Լիճքի ջրվեժներ     

Լիճքի համանուն գյուղում գտնվող ջրվեժները բնության իսկական հրաշալիքներ են։ Այստեղ դրանք երկու տասնյակից ավելի են, սակայն այցելուների համար հիմնականում հասանելի են հինգը։ Երբ սկսեք քայլել Զվարի գետի գեղատեսիլ կիրճով, կնկատեք, որ մի ջրվեժն անընդմեջ հաջորդում է մյուսին։ Ձեզ սպասում են հինգ տարբեր ջրվեժներ, որոնց բացահայտելու համար պետք է անցնել փարթամ անտառներով պատված արահետներով։ Լիճքի ջրվեժների կասկադը յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր ջրվեժի տակ ձևավորվել են բնական լողավազաններ։ Սյունիքի Մեղրու այս հատվածը հարուստ է ջրվեժներով, և դրանցից ամենատպավորիչներից մեկն էլ Սրտերի ջրվեժն է։ Նրա ջրային հոսքը իջնում է սրտաձև և հենց այդ ձևով պայմանավորված էլ ստացել է իր անվանումը։

Կարևոր է իմանալ Ջրվեժները գտնվում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում։ Այցելությունից առաջ անհրաժեշտ է նախապես գրանցվել և ստանալ անցագիր։ Մուտքավճարը կազմում է 1000 դրամ Հայաստանի քաղաքացիների և 2000 դրամ՝ օտարերկրացիների համար։

Դեպի ջրվեժ գնալ-գալը՝ Լիճքի ջրվեժներ՝ 3 կմ, Սրտերի ջրվեժ՝ կմ 7 կմ

Մարզը՝ Սյունիք
    

Աստղիկի ջրվեժ
   
    Աստղիկի ջրվեժ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է նույնանուն պատմական տարածքում և համարվում է Հայաստանի բնության ամենահին ու խորհրդանշական վայրերից մեկը։ Անտառը հիմնադրվել է շուրջ 1700 տարի առաջ՝ Տրդատ Գ թագավորի նախաձեռնությամբ։ Ըստ լեգենդների՝ արգելոցը վերակառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք, և հենց նրա անունով էլ կոչվում է։ Հետագայում՝ 1958 թվականին, այն արդեն պաշտոնապես ձևավորվում է որպես «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ նպատակ ունենալով պահպանել տարածքի յուրօրինակ էկոհամակարգը, կենսաբազմազանությունը և պատմամշակութային ժառանգությունը։ Արգելոցի տարածքում գտնվում են չորս ջրվեժներ, որոնցից երկուսը կրում են հին հեթանոսական աստվածների՝ Վահագնի և Աստղիկի անունները։ Առաջարկում ենք քայլել դեպի Աստղիկի ջրվեժը, որն իսկապես առանձնանում է «աստվածային» գեղեցկություն։

Կարևոր է իմանալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է ազատ մուտքի համար։ Մուտքավճարը կազմում է 2000 դրամ Հայաստանի քաղաքացիների համար, 4000 դրամ՝ օտարերկրացիների, իսկ ուղեկցողի ծառայությունը՝ 10,000 դրամ։

Դեպի ջրվեժ գնալ-գալը՝ 9կմ

Մարզը՝ Արարատ, Կոտայք

Պարզ և կարևոր կանոններ
   

Եթե մտածում եք ջրվեժ այցելելու մասին՝ դա արդեն հրաշալի որոշում է։ Բնության գրկում անցկացրած ժամանակը ոչ միայն լիցքաթափող է, այլև հոգեպես վերականգնող։ Սակայն, որպեսզի այս փորձառությունը լինի ոչ միայն հիշարժան, այլև անվտանգ, մենք առաջարկում ենք հետևել մի շարք պարզ, բայց կարևոր կանոնների։ Ջրվեժներն իրենց գեղեցկության հետ մեկտեղ երբեմն անսպասելիորեն անսանձ են ու անկանխատեսելի։ Ուստի, նախքան ճանապարհ ընկնելը, համոզվեք, որ պատրաստ եք լիարժեք վայելելու այս ուղին՝ անվտանգ, գիտակից և հոգատար վերաբերմունքով։ Ի՞նչ է պետք իմանալ։

  • Մի մոտեցեք ջրվեժի եզրին։ Ջրին մոտ ժայռերը շատ սահուն են։ Նույնիսկ եթե մակերեսը չոր է թվում, այն կարող է պատված լինել մամուռով կամ խոնավությամբ։ Բարձր ժայռերի եզրերին կանգնելը կամ լուսանկարվելու համար դիրք ընդունելը վտանգավոր է։
  • Հարգել նշանները և ցուցանակները։ Եթե տեղադրված են «Վտանգավոր գոտի» կամ  «Չմտնել» նշաններ՝ դրանք անտեսելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այդ նշանները տեղադրվում են փորձով ձեռք բերած անվտանգության նկատառումներով։
  • Չ՛լողալ ջրվեժի տակ, եթե դա թույլատրելի չէ։ Ջրվեժների տակ կարող են լինել ուժեղ հոսքեր, ջրի ոլորապտույտներ կամ քարեր։ Դրանք կարող են ձեզ քաշել ներքև, նույնիսկ եթե դուք լավ լողորդ եք։
  • Կրեք հարմարավետ և ամուր կոշիկ։ Ջրվեժներին մոտենալու արահետները հաճախ քարքարոտ են, թաց և սահուն։ Լավ կոշիկները պաշտպանում են ոտքը սայթաքումներից ու վնասվածքներից։
  • Հագնվել ըստ եղանակի, ունեցեք ջուր ու արևապաշտպան։ Բնության մեջ եղանակը կարող է արագ փոխվել։ Եթե բարձրանում եք ջրվեժի ճանապարհով՝ ունեցեք ջուր, գլխարկ, արևապաշտպան քսուք։
  • Տեղեկացրեք ուր եք գնում։ Ցանկալի է միայնակ չգնալ կամ գոնե ինչ-որ մեկին տեղեկացնել՝ ուր եք գնում։ Որոշ ջրվեժներ հեռու են բջջային կապից։

Այցելեք, քայլեք, բացահայտեք ու կիսվեք ձեր տպավորություններով մեր էջում։ Մենք սիրով կլսենք ձեր պատմությունները և, ո՞վ գիտի, գուցե հենց ձեր լուսանկարն ու պատմությունը ոգեշնչեն մեկ ուրիշին։