Առհասարակ ընդունված է կարծել, թե արշավ գնալու համար կա որոշակի տարիք։ Բայց իրականում բնությունը բոլորինն է՝ անկախ տարիքից ու պատրաստվածությունից։ Պարզապես պետք է ընտրել ճիշտ ուղղություն՝ սեփական ուժերին համապատասխան։

Մենք առանձնացրել ենք հինգ արահետ, որոնք հարմար են թե՛ 60-ն անց արշավասերների, թե՛ փոքրիկ երեխաների համար։ Շունչը կտրող տեսարաններ, անզուգական բնություն, թեթև ու լավ մշակված ուղիներ՝ ամեն քայլը հաճելի դարձնելու համար։

Միայն մի քանի բան մի մոռացեք՝ ջուր, կտրատած մրգեր ու բանջարեղեն։ Իսկ մնացածը վստահեք բնությանը․ այն կպարգևի ձեզ ամենագեղեցիկ վայրկյանները։

Սաղմոսավանքից Հովհաննավանք

Saghmosavank - Hovanavank

Երևանից ընդամենը 37 կմ հեռավորության վրա է Սաղմոսավան գյուղը։ Քայլարշավը անցնում է Քասաղ գետի կիրճով և մեկ կողմում Սաղմոսավանքն է, մյուսում՝ Հովհաննավանքը։ Ճանապարհը մոտ 8 կմ է։ Շոգ օրերին զգուշացեք օձերից, հագեք հարմար կոշիկներ, վերցրեք փայտ՝ թփերը հրելու համար, ինչպես նաև ջուր, նախուտեստ ու արևապաշտպան քսուք։ Ամբողջ երթուղին կանցնեք մոտ երեք ժամում։ Կիրճի տեսարաններն ապշեցուցիչ են՝ քարաշերտեր, գույներ ու լույս, որոնք յուրաքանչյուր քայլափոխի նորովի են բացվում։

Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածից(ՀՀ ամենաբարձ կետ, 4090մ․) նկատելով այս վայրը՝ եկեղեցի է կառուցել և այստեղ հոգևորականներին սաղմոսներ սովորեցրել։ Այդպես էլ վանքը կոչվել է Սաղմոսավանք՝ «սաղմոսների վանք»։

Կիրճի մյուս կողմում գտնվող Հովհաննավանքն էլ միջնադարյան մշակութային կարևոր կենտրոն էր, որտեղ ուսումնասիրում էին գրականություն, փիլիսոփայություն և երաժշտություն։ Դպրոցի շուրջ 20 ձեռագիր այժմ պահվում է Մատենադարանում։

Հրեշտակների կիրճի արահետ

angels canyon

Վեդի քաղաքից մի փոքր այն կողմ, Երևանից ընդամենը 50 րոպե հեռավորության վրա, գտնվում է Դաշտաքար փոքրիկ գյուղը։ Սովորական վայր է՝ քարքարոտ, կիսաանապատային բնությամբ, և հենց այստեղ է թաքնված Հայաստանի բնության ամենախորհրդավոր վայրերից՝ Հրեշտակների ձորը։

Ոսկեգույն այս կիրճը առանձնանում է իր անզուգական տեսքով։ Այն շատ կարճ է, գրեթե անբուսական, բայց հենց այդ մերկ ու քարքարոտ լռության մեջ է, որ զգում ես խորհրդավոր շունչը։ Արահետը շրջապատված է ժայռաբեկորներով, որոնց ձևերն ու ստվերները տեղանքին կախարդական տեսք են տալիս՝ կարծես բնությունը ինքն է ձևավորել իր հրեշտակներին քարից։

Գյուղի դարպասներին մոտենալիս աչքի կընկնի արահետ տանող առաջին նշանը։ Այն ցույց է տալիս ձախ կողմում գտնվող ճանապարհը, որը տանում է դեպի Հրեշտակների ձորի հանգույցը։ Մի քանի րոպե քայլ, և կբացվի տեսարան, որից հնարավոր չէ աչք կտրել։

Գոշ լիճ՝ Դիլիջանի անտառների սիրտը

Gosh

Խիտ անտառների խորքում, Դիլիջանի ազգային պարկի սրտում, թաքնված է փոքրիկ, բայց հիասքանչ լիճ՝ Գոշը։ Այն գտնվում է Գոշ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք։ Լիճը բնական ծագում ունի․ այն առաջացել է հողի սողանքի հետևանքով, և այսօր շրջապատված է փարթամ ծառերով ու անուշաբույր խոտերով։ Գոշ լիճն իր անունը կրում է Մխիթար Գոշի պատվին՝ միջնադարյան հայտնի գիտնականի, գրողի և հասարակական գործչի, ով նաև հիմնել է մոտակա Գոշավանք վանական համալիրը։

Լճի շուրջը բնությունը կենդանի է՝ այստեղ կարելի է հանդիպել ամենատարբեր թռչունների, միջատների ու բուսական տեսակների, իսկ ամռանը անտառը լցվում է բույրերով ու բնության մեղմ ձայնով։ Մյուս հայտնի ուղղությունը՝ Գոշի լճից Պարզ լիճ։ Անտառային արշավներն իսկապես ուրիշ աշխարհ են։ Այստեղ կարծես հեքիաթի մեջ լինես՝ ծառերը երբեմն հիշեցնում են հերոսների, կենդանիների կամ խորհրդավոր կերպարների, իսկ լույսն ու ստվերն անընդհատ խաղում են իրենց կախարդական խաղը՝ ամեն քայլափոխի փոխելով անտառի տրամադրությունը։

Գավառի թթուջրի շրջանաձև արահետ

Գավառի շրջանաձև արահետը հետաքրքիր է հենց իր գաղափարով․ քայլարշավը սկսվում է քաղաքի հրապարակից, բայց մի քանի րոպե անց արդեն հայտնվում եք գետի ափին՝ շրջապատված անտառային կանաչով ու թարմ օդով։ Թվում է՝ քաղաքից դուրս եք եկել, մինչդեռ փաստացի Գավառում եք։

Երթուղին հագեցած է ցուցանակներով ու նշաններով, այնպես որ կորել անհնար է։ Իսկ եթե չգտնեք արահետի սկիզբը, ցանկացած գավառցի սիրով կհուշի՝ ինչպես հասնել թթու ջրի մոտ։ Հանքային աղբյուրի առողջարար ջուրը տասնյակ տարիներ շարունակ օգտագործվել է տեղացիների կողմից։

Բուսաբանական այգի

Botanical Garden

Եթե երկար ճանապարհ անցնելու ցանկություն կամ ժամանակ չունեք, հիանալի տարբերակ կարող է դառնալ Բուսաբանական այգու արահետը։ Այստեղ կարելի է քայլել, հանգստանալ և միաժամանակ բացահայտել Հայաստանի բուսական աշխարհի հարստությունը՝ առանց քաղաքից հեռանալու։ Մուտքն անվճար է մինչև երեք տարեկան երեխաների և 65-ն անց այցելուների համար, իսկ մյուսների մուտքավճարը՝ ընդամենը 500 դրամ։ Այգում ներկայացված են շուրջ 70 հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, որոնցից 38-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ։

Տարածքը բաժանված է տարբեր մանրապուրակների՝ ըստ բուսաբանական և աշխարհագրական սկզբունքի։ Այստեղ կարելի է տեսնել վայրի դեղատու, գեղազարդ և տնտեսական արժեք ունեցող բույսեր, ինչպես նաև Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների շուրջ 200 տեսակ՝ 30 ցեղից։

Բուսաբանական այգին նաև կենդանական փոքր աշխարհ ունի․ այստեղ ապրում են թռչուններ, սկյուռներ, իսկ երբեմն էլ կարելի է նկատել աղվեսների։

Սրանք միայն մի մասն են այն թեթև արահետներից, որոնք հարմար են բոլոր տարիքի ճանապարհորդների համար։ Եթե դուք էլ գիտեք նման վայրեր, պատմեք մեզ դրանց մասին՝ միասին բացահայտենք Հայաստանի ամենահաճելի ու հասանելի երթուղիները։