Հայաստանում լեգենդները շատ են։ Երբ քայլես մի գյուղի փողոցով ու բարևես առաջին իսկ պապիկին, կլսես մի պատմություն, որից շոկ ես ապրելու։ Օրինակ՝ ինչպես է մի աղջիկ փախել թշնամուց, թռել ժայռից, հետո դարձել ամպ ու մինչ օրս հով է բերում իրենց այգիներին։
Եվ սա է Հայաստանի բնության հմայքը․ ամեն քար, բլուր, ժայռ ու գագաթ մի պատմություն ունի։ Ոմանք իրական են, ոմանք՝ անիրական, ոմանք էլ՝ այնքա՜ն գեղեցիկ, որ մեկ է՝ կուզես հավատալ։ Մենք էլ մեր հերթին կպատմենք ձեզ այն լեգենդները, որոնք մեզ պատմել են տեղացիները՝ թեյի սեղանի շուրջ կամ մի կտոր կաց կիսելիս։ Իսկ թե ճիշտ են դրանք, թե ոչ՝ թողնում ենք քեզ բացահայտելու։
Բայց մի բան հաստատ է՝ Հայաստանի լեռների ավանդազրույցները պարզապես զվարճալի հեքիաթներ չեն։ Դրանք ուժ ունեն, խրոխտ են, բարձր են, հպարտ։ Ո՞վ գիտի, միգուցե հենց քո ոտքերի տակ է ծնվում հաջորդ պատմությունը։
Արագած լեռ
Թերևս պետք է սկսել Հայաստանի ամենաբարձր կետից՝ Արագած լեռից։ Հանգած հրաբուխ, որի չորս գագաթները՝ հյուսիսային (4090 մ), արևմտյան (4001 մ), արևելյան (3916 մ) և հարավային (3879 մ), մի ամբողջ լեգենդ են ներկայացնում։ Արագածը պարզապես լեռ չէ։ Սա հսկա մի կերպար է՝ ուժեղ ու խիստ, բայց նաև՝ գեղեցկությամբ լի։ Նրա իսկական բնավորությունը զգում ես միայն քայլելիս՝ երբ քրտինքդ խառնվում է քամուն, քարերը տակդ սահում են, իսկ գագաթը՝ անհաս է թվում, բայց չի թողնում, որ հրաժարվես։
Արագածի բոլոր գագաթներին կարելի է բարձրանալ, պարզապես ամեն ինչ կախված է քո ֆիզիկական պատրաստվածությունից և… մի փոքր համառությունից։ Գագաթներին կարելի է մոտենալ տարբեր երթուղիներով, բայց եթե առաջին փորձդ է կամ ավելի դյուրին ճանապարհ ես փնտրում, խորհուրդ ենք տալիս բարձրանալ Հարավային գագաթ Քարի լճից։ Տեսարանը հիասքանչ է, իսկ ճանապարհը՝ ամենահասանելիներից։
Լեգենդ։ Արագածի մասին մի քանի հնագույն ավանդազրույց կա։ Կիսվենք դրանցից միայն մեկով։ Ասում են՝ մի ժամանակ Հայոց լեռները եղբայրներ են եղել։ Հսկա, հաղթանդամ ու անպարտ։ Ամեն օր՝ լուսաբացին, նրանք միաժամանակ են արթնացել, կապել են իրենց գոտիներն ու բարևել իրար՝ թիկունքին՝ քամի, դեմքին՝ արև։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանալով գոտիները կապել, բարևում են իրար։ Նրանք պատժվում ու քարանում են։ Եղբայրները դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Գագաթից զատ։ Արշավից հետո խորհուրդ ենք տալիս մեկ օր անցկացնել Բյուրականում։ Կարող ես քայլել Բյուրականի աստղադիտարանից Օրգովի ռադիօպտիկական դիտակի միջև ընկած արահետը։ Գիշերվա երկինքը՝ հեռու քաղաքային աղմուկից ու լույսերից, իսկական կախարդանք է։ Ինչու՞ ոչ պառկել խոտին ու հաշվել աստղերը, կամ ուղղակի գիշերը այցելել աստղադիտարան և մասնագետների հետ դիտել երկինքը։ Իսկ եթե պատմության սիրահար ես, բաց մի թող Անտառուտից Ամբերդ արահետը։ Այն ոչ միայն գեղատեսիլ է, այլև ժամանակի մեքենա հետ՝ դեպի 7-րդ դար, թեև իրականում կառուցվել է Քրիստոսի ծնունդից հետո և հետագայում ընդարձակվել ու վերանորոգվել է տարբեր տոհմերի կողմից։
Կարևոր է իմանալ։ Պետք չէ մոռանալ, որ Արագածը իր մեջ պահում է բոլոր չորս եղանակները՝ հաճախ միաժամանակ։ Հենց այդ պատճառով էլ պարտադիր է հագնել շերտավոր, ջերմաստիճաններին հարմարվող հագուստ, անջրանցիկ բաճկոն, լավ արշավային կոշիկներ։
📍 Վերելքը կտևի՝ 3 ժամ (5 կմ)
📏 Հարաբերական բարձրություն (Հարավային գագաթ)՝ 640 մ
Աժդահակ
Եթե երբևէ ցանկացել ես տեղափոխվել ուրիշ մոլորակ, ուրեմն ժամանակն է ուղևորվել դեպի Աժդահակ։ Այս խիստ, բայց հիասքանչ բոսոր լեռը նման չէ Հայաստանին, որը գիտես։ Այստեղ ամեն քար կարծես այլ աշխարհից լինի։ Վերելքը հնարավոր է սկսել մի քանի երթուղով։ Եթե չես սիրում երկար քայլել, նույնիսկ կարող ես ամենագնացով հասնել լեռան ստորոտ, ապա այնտեղից մոտ 3 կմ քայլել դեպի գագաթ։
Աժդահակը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է (3597 մ)։ Գագաթի խառնարանը լցված է ջրով։ Ձյունը այստեղ հաճախ «գալիս է՝ մնալու», իսկ մառախուղը՝ նույնիսկ ամռանը կարող է անսպասելիորեն գրկել քեզ։ Ու հատկապես օգոստոսին լեռը մի անէացող երազ է հիշեցնում։
Լեգենդ։ Այստեղ մի ամբողջ էպոս կարելի է գրել։ Աժդահակն այսպես՝ մարաց թագավոր է, նույն ինքը՝ վիշապը, որն իրանական դիցաբանության չար կերպարն է՝ Աժի Դահակ։ Ըստ հայկական վարկածի՝ նա երազ է տեսնում, որում Տիգրանը՝ հայոց թագավորը, հաղթում է իրեն։ Որպեսզի կանխի ճակատագիրը, Աժդահակը կնության է վերցնում Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Մեծ ճակատամարտից հետո Տիգրանը հաղթում է Աժդահակին, փրկում քրոջը։ Գեղամա լեռներում կարելի է տեսնել վիշապաքարեր ու ժայռապատկերներ․ ճիշտ նկատեցիր՝ լեգենդները կախված են օդում, փոշու ու քամու մեջ։ Ամեն քար, ամեն պատկերը մի խոսք ունի քեզ ասելու։
Գագաթից զատ։ Հետ վերադարձին խորհուրդ կտանք մեկ օր անցկացնել Գառնիում։ Այստեղ քեզ կսպասեն հեթանոսական շնչով Գառնու տաճարը, և իհարկե՝ Ազատի ջրամբարը, ուր արահետը ավարտվում է։ Այնտեղ եղիր մայրամուտի ժամին․ ջրի մեջ արտացոլվող լեռները վստահաբար երկար ժամանակ կմնան քո հիշողության մեջ։
Կարևոր է իմանալ։ Դեպի Աժդահակ ճանապարհին կանցնես մի քանի վրանատեղիների կողքով։ Մեր հավելվածում կարող ես գտնել Աժդահակի վրանատեղին, որտեղ քեզ ոչ միայն գրկաբաց կընդունեն, այլև կուղեկցեն դեպի գագաթ։ Հիշիր՝ հայկական գամփռները, որքան էլ հաճախ լինեն հյուրընկալ ու հանգիստ շներ, միևնույն է՝ տարածքի իրական պահապաններ են։ Եղիր զգույշ, մոտ մի գնա, ու ամեն ինչ լավ կլինի։
📍 Վերելքը կտևի՝ 1.5 ժամ (5 կմ)
📏 Հարաբերական բարձրություն՝ 450 մ
Խուստուփ
Խուստուփը մի այնպիսի լեռ է, որտեղ կարելի է հրաշքի հանդիպել։ Երբ գագաթին հասնես, կտեսնես, թե ինչպես են սպիտակ ամպերը մետաքսյա նրբությամբ մոտենում քեզ՝ գրկելով տեսադաշտդ թափանցիկ մշուշով։ Այդ պահը խիստ անկանխատեսելի է, եթե հանդիպեցիր, վստահ եղիր, որ հաջողակ ես։
Խուստուփը կարելի է բարձրանալ մի քանի երթուղով։ Եթե համեմատենք մյուս լեռների հետ, Երևանից 5-6 ժամում կհասնես Կապան, այնպես որ լավ կլինի մի քանի օր նախատեսել։ Դասական երթուղին սկսվում է Նավչայից, որտեղ նաև վրանատեղին է։ Բայց եթե մի փոքր ավելի բարդ, բայց հեքիաթային ճանապարհ ես փնտրում՝ առաջարկում եմ բարձրանալ Վերին Վաչագան գյուղից։ Այդ ճանապարհը անցնում է անտառային հատվածներով, որտեղ ծառերի միջև լույսը խաղում է, իսկ լռությունը՝ ուղեկցում։
Լեգենդ։ Խուստուփը սուրբ լեռ է, իսկ տեղացիները նրան տվել են «ճգնավոր» անունը։ Դարեր շարունակ այն եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր։ Իսկ լեռան լանջին՝ Կոզնի կոչվող աղբյուրի մոտ, հանգչում են հայ ժողովրդի մեծ զորավար Գարեգին Նժդեհի մասունքները։ Այստեղ ոչ միայն բնությունն է խոսում, այլև՝ պատմությունը։
Գագաթից զատ։ Վերին Վաչագանից երթուղին հնարավորություն է տալիս նաև տեսնելու Բեխի անապատը՝ գաղտնիքներով լի վայր, որը հնարավոր է հասնել միայն ոտքով, մեքենայի համար ճանապարհ չկա։
Կարևոր է իմանալ։ Խուստուփը պետական արգելավայր է։
📍 Վերելքը կտևի՝ 7 ժամ (12 կմ)
📏 Հարաբերական բարձրություն՝ 2000 մ
Եթե հասել ես այս տողերին, ուրեմն ժամանակն է խոստովանելու՝ լեգենդների կեսը ժողովուրդն է հորինում, մյուս կեսը՝ լեռներն են շշնջում։ Բայց համաձայնիր, երբ կանգնում ես ամպերից վերև, ամեն առասպել այլևս իրական է։
Լիլիթ Խաչատուրյան