Տարվա բոլոր եղանակներին Հայկական լեռնաշխարհի բնությունը զարմացնում է իր յուրահատուկ ու տարբերվող տեսարաններով ու գույներով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բնության հավերժ գեղեցկությունը ներկայացնում է ուրույն երանգներով և աչքերի համար տոն լինելուց բացի հնարավորություն է ստեղծում արշավելու և բացահայտելու հայաստանյան բնությունը: 

Անհիմն չէ համոզմունքը, որ կանաչն է բնության այն կանչը, որի հանդեպ անտարբեր լինել չի կարող ոչ ոք. զարթոնքի մեջ գտնվող բնությունը հագել է իր վառ կանաչ զգեստը, զարդարել այն գույնզգույն ծաղիկներով, օդը լի է նոր կյանքի բույրերով ու թռչունների դայլայլով: Միաժամանակ Հայկական լեռնաշխարհի վրա դեռ չի իջել ամռան կիզիչ շոգը, ջերմաստիճանը հաճելի է բնության մեջ երկար զբոսանքների համար: Մնում է որոշել, թե որ ուղղությամբ մեկնել՝ բնության զարթոնքին մասնակցելու, մարմինն ու հոգին լիցքավորելու: 

Առաջարկում ենք մի քանի ուղղություն՝ Հայաստանում արշավելու և կանաչի անվերջ երանգներն ու բույրերը վայելելու համար:

Դիմաց լեռ 

Դիմաց լեռը (2378 մ) Տավուշի մարզի ամենահայտնի և ամենաֆոտոգենիկ գագաթներից մեկն է: Պատկանում է Իջևանի լեռներին, բարձրությամբ զիջում է միայն լեռնաշղթայի Սառցապատ գագաթին: Դիմացը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս: Դեպի գագաթ վերելքը սկսում է Հաղարծնի վանական համալիր տանող ճանապարհից, երթուղին միջին բարդության է՝ 18 կմ երկարությամբ և 1000 մ հարաբերական բարձրությամբ: Դիմաց լեռան երթուղին կանաչ ու ծաղկած, անծայրածիր մարգագետինները վայելելու լավ հնարավորություն է: Գագաթից դեպի Աղստևի հովիտ և Իջևանի լեռնաշղթայի մերկ ու ժայռոտ պատեր ձգվող տեսարաններն էլ կարծես արժանի մրցանակ լինեն այս երկար ճանապարհն անցնողների համար: Դիմացն այն գրավիչ գագաթներից է, որը ձեզ պարբերաբար իր մոտ կկանչի և՛ կանաչ հագած, և՛ աշնան բոցաշունչ գույներով:   


Ծաղկունյաց լիճ

Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան հատվածում՝ ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա: Այն սնուցվում է միայն ձյան հալոցքներով և անձրևաջրերով: Երթուղին սկսում է Աղվերանից, շարունակվում ոլոր-մոլոր, ծաղկաշատ արահետներով և ավարտվում լճի մոտ: Այն միջին բարդության է, ունի 11 կմ երկարություն: Արշավային այս ծրագիրը, որին կարող եք հետևել HIKEArmenia-ի հավելվածով, առավել այցելվող է դառնում տարվա կանաչ ժամանակահատվածում՝ շնորհիվ Ծաղկունյաց լեռների լանջերին աճող բազմագույն ծաղիկների, բույսերի և ծառերի: Լճից հրաշք տեսարաններ են բացվում դեպի Արարատ, Արայի լեռ, Գեղամա լեռնաշղթա և Թեղենիս: 


Տապալոց լեռ 

Վայոց ձորը շռայլ է իր տեսարաններով տարվա բոլոր ժամանակաշրջաններին, ուստի  վայոցձորյան կանաչի ու կարմիրի երանգների համադրությունը տեսնելու համար առաջարկում ենք վերելք իրականացնել Տապալոց կոչվող լեռան գագաթ: Այն Վարդենիսի լեռնահամակարգի լեռնաճյուղերից մեկի գագաթներից է, ունի 2160 մ բարձրություն: Քայլարշավը մեկնարկում է Թառաթումբ գյուղից, ճանապարհը հարուստ է բազմատեսակ ծաղիկներով, բուսականությամբ ու վայոցձորյան ժայռերով: Այս երթուղին հիշարժան է ո՛չ միայն գեղեցիկ ճանապարհով դեպի գագաթ, այլ նաև տպավորիչ տեսարաններով Տապալոցի գագաթից: Ներքևում երևում են Սելիմ գետակն ու իր վտակներով սնուցվող հովիտները, վերևում՝ Վարդենիսի, Թեքսարի ու Քարկատարի աննման լեռները:  


Դեբեդի կիրճ

Լոռին ճիշտ որոշում է տարվա բոլոր եղանակներին. թարմություն շնչելու համար առաջարկում ենք իջնել (ի տարբերություն նախորդ երթուղիների) Հայաստանի ամենագեղեցիկ կիրճերից մեկը, որն ավելի հմայիչ է տարվա այս ժամանակահատվածում: Երթուղին սկսում է Օձուն վանական համալիրի մոտ և ավարտվում Թումանյան քաղաքին կից: Արշավային այց ծրագիրը հնարավորություն է տալիս վայելել Լոռու փարթամ կանաչը, ունկնդրել Դեբեդի քչքչոցը, հիանալ դեպի Վիրահայոց լեռներ բացվող տեսարաններով ու բացահայտել ժայռերի մեջ թաքնված Հոռոմայրը (7-րդ դար) և Դեբեդ գետի հունով ձախ ձորալանջին գտնվող Քոբայր վանական համալիրը (12-րդ դար):


Ձորագետի կիրճ

Դեբեդի կիրճի հետ հատվում է մեկ այլ՝ ուշադրության արժանի ու սիրելի կիրճ, որը սկսում է Ստեփանավանից. Դեբեդի երգը լսելուց հետո հերթը Ձորագետինն է: Կանաչի բոլոր երանգների մեջ պարուրված կիրճում արշավելու մի քանի հնարավորություն կա, որոնցից թերևս ամենասիրված քայլարշավը դեպի Ցիցքար կամ հանրությունում ավելի հայտնի Արևածագի ձոր տանող երթուղին է: Բնության այս հուշարձանին մոտ է գտնվում նաև Հնեվանքը (7-րդ դար) և Լոռե բերդը (11-րդ դար):



Խաչաբյուրի կիրճ, Օկոնավանք

Շարունակելով կիրճերի ցանկը, որոնք արժանի են պարտադիր այցելության, տեղափոխվենք Տավուշի մարզ և ուղղություն վերցնենք դեպի Օկոնավանք: Ճանապարհն անցնում է Խաչաղբյուրի գողտրիկ, անտառաշատ և ժայռապատ կիրճով: Տավուշյան բնության շքեղությունը տեսնելու համար սա թերևս լավագույն երթուղիներից է: Երթուղին գեղեցիկ արահետներվ քայլողին հասցնում է 18-րդ դարում կառուցված Օկոնավանք: 


Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքում, որն ի սկզբանե՝ 4-րդ դարասկզբին, հայոց արքա Խոսրով Երրորդ Կոտակի կողմից հիմնադրված որսատեղ էր: Արգելոցը տեղակայված է Արարատի մարզում, Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Տարվա այս ժամանակահատվածում արգելոցը պարուրվում է կանաչի մեջ, որն անտարբեր չի թողնում բազմաթիվ արշավականների նաև իր՝ Երևանին մոտ գտնվելու շնորհիվ: Այստեղ կարելի է երկար քայլել, գտնել բազմաթիվ ուտելի բույսեր ու սնկեր, հիանալ գիհու, կաղնու և տանձենիների անտառներով: Խոսրովի արգելոցում են գտնվում նաև խիտ ծառերի մեջ թաքնված Աստղիկ և Վահագն ջրվեժները, ինչպես նաև մի շարք պատմական հուշարձաններ՝ Հավուց թառը, Աղջոց վանքը, Կաքավաբերդը: 


Արտավանի լիճ, Փառակատար 

Կանաչն ինքնին, իհարկե, գեղեցիկ է, բայց որքան անհավանական է նրա ու լազուրի համադրությունը: Գույների այս կտավային խրախճանքը տեսնելու համար ուղևորվեք Վայոց ձորի մարզ, շարժվեք Արտավան գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք և այցելեք համանուն Արտավանի կամ Հայելի լիճը: Այն ունի շատ հետաքրքիր արտաքին տեսք. նման է քարտեզի, այդ իսկ պատճառով առավել հայտնի է «Աշխարհի քարտեզ» անունով: Այս գեղեցկութան բացառիկությունը զգալու համար քայլեք HIKEArmenia-ի համանուն արահետով կամ վերելք իրականացրեք Փառակատար (2528 մ) լեռնագագաթ և Հայկական լեռնաշխարհի բարձունքից նայեք աշխարհի քարտեզի կանաչ-կապույտին: