Ձմեռը կամաց զիջում է իր դիրքերը, իսկ օդն արդեն գարնան խոստում ունի։ Բնությունն այս եղանակին յուրահատոկ գեղեցիկ ու խորհրդավոր է. ձյունը դեռ տեղ-տեղ խրթխրթում է ոտքերի տակ, սարերը փայլում են սառը լույսի ներքո, լռության մեջ օդի զրնգոցին է միանում թռչունների դայլայլը։ 

Ձյունածածկ գագաթների և զարթոնք ապրող բնության այս կոնտրաստը վայելելու համար առանձնացրել ենք մի քանի արշավային երթուղի, որոնց շնորհիվ նորովի կբացահայտեք Հայաստանի մի շարք ուղղություններ։ 

Արշավ Աղջկա բերդ 

Աղջկա բերդ (1)

Աղջկա բերդը Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից մեկն է, գտնվում է Տավուշի մարզում, անտառապատ լեռան գագաթին: Հատկապես այս սեզոնին շատ գեղեցիկ է դեպի բերդ տանող ճանապարհը։

Բերդի տարածքից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Աղստևի հովիտ, Պայտապարի լեռներ և Մանթաշաբերդ:

Ըստ ավանդության՝ մի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել տիրել նրան, սակայն բոլորն էլ մերժվել են։ Իշխանները որոշել են ուժի դիմել, բայց հերոսուհին՝ հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, զորք է կազմել, կառուցել ամրոցը և պատսպարվել այնտեղ։ Ավանդազրույցներից զատ պակաս տպավորիչ չէ նաև բերդն ինքնին, որը դարերի խորքից մեզ է հասել իր հզոր պարսպաշարերով և անչափ տպավորիչ տեղադրությամբ։ Ուրույն ճարտարապետությամբ կառուցված միջնադարյան հզոր այս բերդ կհասնենք հրաշալի տեսարաններով ուղեկցվող գեղեցիկ արահետով: 

Երթուղու երկարությունը 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ։

Քայլարշավ Դեբետից Եղեգնուտ

Դեբետից Եղեգնուտ երթուղին մաս է հանդիսանում HIKEArmenia«Հայաստանի Ազգային Արահետ»-ի, որն անցնում է Հայաստանի 108 գյուղերով՝ Ախթալայից մինչև Մեղրի։  Լոռու մարզով անցնող 354 կիլոմետրի Եղեգնուտ-Դեբետ հատվածն անցնում է անտառային արահետներով, հնարավորություն տալիս զմայլվել Դեբետի չքնաղ կիրճով և մերձակա մյուս գյուղերով։ Երթուղին թեթև է, ունի 5 կմ երկարություն և հարմար է տարբեր տարիքի և ոչ փորձառու արշավականների համար։ 

Եթե Լոռին ճիշտ որոշում է տարվա բոլոր եղանակներին, ապա այս երթուղին դրա ամենահարմար հնարավորություններից է։

Բլդանի ձորից՝ Ջուխտակ վանք

Ջուխտակ_վանք,_Սուրբ_Գևորգ_եկեղեցի,_ձմեռ,_

Բլդանի ձոր տանող արշավային երթուղին սկսում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից և ավարտվում Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում։ Այն անցնում է Մարգավետի լեռներով, Բլդանի ձորով, համանուն Բլդան գետի հովտով և ավարտվում Ջուխտակ վանքի մոտ։ 

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Այն կազմված է զույգ (որից էլ ստացել է իր «ջուխտ» անունը) Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներից։ Դրանց պատերին կան նաև արձանագրություններ, որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։

Բլդանի ձորից Ջուխտակ վանք արշավն ուղեկցվում է տեսարաններով դեպի Ֆիլոլետով և Մարգահովիտ գյուղեր, Փամբակի և Բովաքարի լեռներ։ 

Երթուղու ընդհանուր երկարությունը 15 կմ է, այն հարմար է երկար քայլք սիրող արշավականների համար։ 

Սառցե Թռչկան 

Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից. Թռչկան ջրվեժն առաջանում է գետի միջին հոսանքում։ Ջրվեժը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվանումներով։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատն է, գահավիժում է 23 մետր բարձրությունից։

Ճիշտ է՝ արշավային երթուղին բավականին հեշտ է և ձգվում է հիմնականում ուղիղ ճանապարհով, բայց մինչ մեկնարկի կետ՝ Ձորաշենի խաչմերուկ, Երևանից հասնելը զբաղեցնում է մոտ երկուս ու կես ժամ ճանապարհ։ Հաշվի առնելով նաև երթուղու երկարությունը (11 կմ) և դեռ ոչ երկար օրերը, խորհորդ ենք տալիս օրը ճիշտ պլանավորել։ Այդ դեպքում կունենաք թերապևտիկ, երկար ու տեխնիկապես թեթև (անգամ սկսնակ քայլողների և երեխաների համար) զբոսանք դեպի Հայաստանի ամենասիրված և հայտնի վայրերից մեկը։ 

Ապարանի ջրամբար 

ապարան

Թերևս ամենաթեթև և գեղեցիկ տեսարաններով հարուստ երթուղիներից է Ապարանի ջրամբարի երթուղին: Ջրամբարի ձախ ափին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, զբոսանքը սոճիների անտառում, անվերջ կլանող տեսարանը դեպի ճերմակ քառագագաթ Արագածը, արթնացող բնության հոտը, խարույկն ու թեյը, որոնք վայելելու ժամանակ այստեղ հաստատ կունենաք. այս ամենը հիշարժան ու թեթև կդարձնեն ձեր արշավային օրը։ Հաշվի առնելով նաև նրա՝ Երևանին մոտ տեղակայումը, ընտանեկան, ընկերական հաճելի ժամանցի, երկար զրույցների սիրելի վայր կդառնա Ապարանի ջրամբարը։ 

Այստեղ արշավելիս կտեսնեք նաև Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին, որը հայ ճարտարապետության մեջ եկեղեցական հորինվածքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ 

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը տեղափոխվել են գյուղի արևելյան հատված։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է իր տեղում և 1967 թվականից սկսած տարին 3-4 ամիս մինչ պատուհանների բարձրություն մնում է ջրի գերությունում։ 

Բուժականից Թեղենյաց վանք

Տարվա բոլոր եղանակներին կախարդական է այս երթուղին։ Անտառային թեթև արահետը, բնության զարթոնքի բույրերն ու ձայները առավել գրավիչ են դարձնում երթուղին, որը հարմար է անգամ սկսնակ արշավականի ու նրանց համար, ովքեր ցանկանում են խոր կապի մեջ մտնել բնության հետ:

Անտառաշատ ճանապարհն արշավողին տանում է Թեղենյաց հազարամյա վանքը: Թեպետ Թեղենյաց վանքն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, սակայն վանական համալիրը ծաղկում է ապրել 11-13-րդ դարերում, երբ կառուցվել է համալիրի՝ այժմ մեզ հայտնի գլխավոր հուշարձանախումբը՝ Կաթողիկե եկեղեցին, գրատուն-դպրատունը, երկու գավիթները, սեղանատունն ու մատուռները: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Ձմռան ու գարնան հանդիպման այս ժամանակահատվածը բնությունը ճանաչելու լավագույն շրջաններից է. ուստի մի թողեք գարնանն այն, ինչ կարող եք հասցնել ձմռանը, չէ՞ որ գարնանը ձեզ են սպասելու այլ հրաշալի երթուղիներ։ Վերցրեք սիրելիներին, հագեք սիրելի արշավական սվիտերը և  ուղևորվեք նոր կախարդանքին ընդառաջ։

Ձմռան ու գարնան հանդիպումը. որտե՞ղ արշավել Հայաստանում