Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մեկ օրվա ընթացքում վայելել Հայկական լեռնաշխարհի բնապատկերները, քայլել արահետներով և ծանոթանալ երկրի մշակույթի հետ։ Այս հոդվածում կպատմենք տարբեր մարզերում այդպիսի յուրօրինակ փորձառություն ունենալու մի քանի հնարավորությունների մասին. Հայաստանում անցկացվող ամենամյա փառատոներին կից կներկայացնենք արշավային երթուղիներ կամ տեսարժան վայրերի ցանկ, որոնցով քայլելուց կամ որոնք այցելելուց հետո հնարավոր կլինի մասնակցել մոտակայքում անցկացվող հայկական մշակույթի շուրջ տոնակատարությունների։

Բնության, մշակույթի և խոհանոցային ավանդույթների այս համադրությունը Հայաստանի ամբողջական պատկերը ճանաչելու և նրա հետ կենդանի շփում ունենալու հնարավորություն է։

«Երևանի գինու օրերը» Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնն է, որն անց է կացվում հունիսի առաջին օրերին Երևանի սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Այն միավորում է հարյուրավոր գինեգործների և հազարավոր գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների հայկական գինու մշակույթի շուրջ։

Փառատոնի շրջանակներում հնարավոր է մասնակցել գինու համտեսների, արհեստի և արվեստի վարպետաց դասերի և մշակութային ակտիվությունների, ծանոթանալ հայկական խոհանոցի հետ և անդադար վայելել կենդանի երաժշտությունը։

Գութան

«Գութան» ազգային երգի և պարի ամենամյա փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։

Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է։ Այն հնարավորություն է տալիս անդրադառնալ Հայաստանի պատմաաշխարհագրական բոլոր շրջանների ազգային երգերին ու պարերին, որոնք բեմից հանդիսատեսին են ներկայացվում ազգային գործիքների նվագակցությամբ և թատերականացված ծիսական գործողություններով:

«ՏԱՐԱԶՖեստ»

«ՏԱՐԱԶՖեստ»-ն այս տարի կանցկացվի Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Մեղրիում։

Երևանյան փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին, 20:00-ին Երազ այգում, կիրականացվեն վարպետաց դասեր ու հացի ծես, ազգային տարազների և էթնո հավաքածուների ցուցադրություններ, համերգային ծրագրով ելույթ կունենա Ethno Colors խումբը։

Եթե ցանկանում եք ներկա գտնվել հայկական ժառանգության և ժամանակակից ստեղծարարության հանդիպմանը, ապա միացեք ամռան վերջին օրերի այս տոնախմբությանը։

Կհարցնեք՝ ի՞նչ արշավային երթուղուց հետո այցելել վերը նշված երևանյան փառատոները։ Երևանի բուսաբանական այգու արահետը բնության գրկում հաճելի և հանգիստ զբոսանքի, կենսաբազմազանության հետ ծանոթանալու հրաշալի տարբերակ է։ Մանավանդ ամռան այս տապին, եթե ցանկանում եք հեշտ և շատ մոտ երթուղի, ապա Բուսաբանական այգու երթուղին հենց ձեզ համար է։

Մեղրիում «ՏԱՐԱԶՖեստ»-ը կկայանա սեպտեմբերի 2-7-ը, փառատոնի շրջանակներում նախատեսվում է ազգային և ժամանակակից տարազների ցուցադրություններ, վարպետաց դասեր և ստեղծագործական աշխատարաններ, ցուցահանդեսներ, երաժշտական և պարային ելույթներ։

Հայ-իրանական սահմանում գտնվող Մեղրիում գծանշված արշավային երթուղիներ դեռևս չկան (քանի դեռ Հայաստանի ազգային արահետը չի հասել Մեղրի), բայց յուրօրինակ ճարտարապետական ձեռագիր ունեցող քաղաքը լուռ հրավիրում է բոլոր այցելուներին քայլել իր նեղլիկ փողոցներով ու բակերով, այցելել Մեղրիի Մեծ Թաղում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին, Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցիներ, Մեղրու բերդ ու հիանալ Արաքսի հովտի նմանը չունեցող տեսարանով։

Խորովածի ամենամյա փառատոնն

Խորովածի ամենամյա փառատոնն այս տարվանից անց է կացվում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Էլ ի՞նչ Հայաստան առանց խորովածի։ Պատրաստ եղեք այս հայկական ավանդական կերակրատեսակի ամենազարմալի համային մտահաղացումներին։ Գաստրոնոմիկ տաղավարներից զատ գործում են գյուղական բերք ու բարիքի, ձեռագործ աշխատանքների վաճառքի տաղավարներ։ Եվ, իհարկե, խորովածի շուրջ այս համահայկական տոնախմբությունն ուղեկցվում է կենդանի հայկական ավանդական երաժշտությամբ։

Փառատոնի տրամադրությունը կարող եք վայելել Հայաստանի ազգային արահետի Ամոջից Օձուն երթուղով կամ Օձունից Քոբայր քայլելուց հետո։

Գորիսի թթի փառատոնը

Գորիսի թթի փառատոնը ամենամյա միջոցառում է, որը սովորաբար անց է կացվում հուլիսի սկզբին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Այն նպատակ ունի հանրահռչակել տեղական արհեստները, օղի թորելու, դոշաբ պատրաստելու ընթացքը, հյուրասիրել թթով պատրաստված բարիքներ և ներկայացնել հայկական ազգային երգն ու պարը, և, իհարկե, թութ թափ տալու հայտնի արարողությունը։

Փառատոնից առաջ կամ օրվա ընթացքում կարող եք այցելել քարանձավայի Հին Գորիսը կամ քայլել Խոտից Հալիձոր երթուղով։


Նավասարդ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային ամենամյա փառատոնը կկայանա օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Այն նվիրված է հայկական տոմարի առաջին ամսին և նոր տարվան և նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև մշակութային ու զբոսաշրջային կապերը:

Փառատոնի ընթացքում կմրցեն մասնակից հայկական և իրանական թիմերը՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։ Օգոստոսի 10-ի երեկոն կեզրափակի Ֆորշի կենդանի համերգը, իսկ օգոստոսի 11-ին, ժամը 02:00-04:00 կարող եք այցելել «Զորաց քարեր (Քարահունջ) բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման և Հայկ (Օրիոն) համաստեղության ծագմանը։

Սիսիան քաղաքին մոտ գծանշված երթուղիներ չկան, կարող եք այցելել տարածաշրջանում գտնվող Շաքիի ջրվեժ, Տոլորսի ջրամբար ու Մելի Թանգու կամուրջ՝ օգտվելով տուրիստական ուղեցույցներից։

Agri-fest-2025-4

«Բերդ ԱգրոՖեսթ»-ը Տավուշի ամենասիրված գյուղատնտեսական և համայնքային փառատոներից մեկն է։ Այս տարի այն կկայանա Վերին Կարմիրաղբյուր և Նորաշեն գյուղերի խաչմերուկում, օգոստոսի 15-ին, ժամը 13:00-ից։

Փառատոնը յուրահատուկ հնարավորություն է բացահայտելու Բերդի բնությունն ու համերը, մշակույթն ու սահմանամերձ համայնքների հյուրընկալությունը։ Ծրագրում՝ գյուղմթերքի և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, համտեսներ, խոհարարական վարպետաց դասեր, ազգային պարեր և երաժշտություն։ Մինչ փառատոնի մեկնարկը կարող եք քայլել տարածաշրջանի գոհարներից մեկի՝ Կապտավանքի մոտ երկու տարբեր երթուղիներով։

Արվեստների և արհեստների ամենամյա փառատոնն

Արվեստների և արհեստների ամենամյա փառատոնն անց է կացվում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Այս տարի այն կանցկացվի սպտեմբերի 3-ին քաղաքի կենտրոնական այգում։ Մեկ օրվա ընթացքում, մեկ վայրում հնարավոր կլինի բացահայտել Հայաստանի բոլոր մարզերի արհեստների ու արվեստների բացառիկ նմուշները․ ձեզ սպասում են գորգարվեստի, փայտարվեստի, կերամիկայի և բրուտագործության, մաքրամեի, ազգային տարազների, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ճյուղերի հետ ծանոթություններ, մասնակցություն վարպետաց դասերի, քաղաքային և գյուղական համայնքների խոհանոցների ուտեստներ և ազգային երգ, երաժշտություն։

Դիլիջանի խիտ ու կանաչ անտառների հոտը զգալու և լռությունը վայելելու համար ընտրեք Հայաստանի ազգային արահետի Դիլիջանից Գոշ գյուղ, Հաղարծնի վանքից Դիլիջան երթուղիներից մեկը։


Արենիի գինու փառատոնը

Շատերի կողմից սիրված Արենիի գինու փառատոնը մշակութային կարևորություն ունեցող Արենի համայնքը ճանաչելի է դարձրել միջազգային զբոսաշրջության ասպարեզում։ Փառատոնը ներկայացնում է Արենին որպես գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս։ Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 3-ին և կներկայանա տնական և արտադրական գինու գոտիներով, որտեղ հնարավոր կլինի համտեսել և գնել հարյուրավոր գինիներ, ծանոթանալ հայկական ավանդական և ժամանակակից խոհանոցի հետ, մասնակցել աշխատարանների և վայելել ազգային երաժշտությունն ու պարը։

_Գաթայի փառատոնն

Գաթայի փառատոնն անց է կացվում Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին։ Փառատոնի նպատակն է հանրահռչակել ազգային խոհանոցը, մասնավորապես՝ հայկական գաթան, որի ամենազարմանալի տարբերակներն անսպասելի համադրություններով կարող եք փորձել տոնակատարության օրը Խաչիկում։

Տոնախմբության ընթացքում խաչիկցիները պատրաստում են ռեկորդային երկարությամբ գաթա (վերջին տարիներին դրա երկարությունը հասել է մինչև 4 մետր 48 սանտիմետրի) և հյուրասիրում փառատոնի հյուրերին։ Ազգային կերակրատեսակներ, վարպետաց դասեր, ազգային երգ ու պար. վստահ կարելի է ասել, որ խաչիկցիները կարողանում են համախմբել բոլոր հյուրերին մի տանիքի ներքո։

Տոնախմբության հրաշալի բաղադրիչ կարող է կազմել նաև այցելությունը գյուղի նիստ ու կացը ներկայացնող «Առաստամուղ» թանգարան, որը կամբողջացնի Խաչիկի և խաչիկցիների կերպարը։

Վայոց ձորի հարևան Արենի և Խաչիկ համայնքները հարուստ են ոչ միայն իրենց խոհանոցով և գինիներով, այլ նաև գունագեղ բնապատկերներով և կենսաբազմազմազանությամբ, որոնց հետ կարող եք ծանոթանալ քայլելով Բեզոարյան այծի արահետով, Գնիշիկից Նորավանք կամ Նորավանքի արահետով։

Բնությունը սովորեցնում է խոնարհություն, խոհանոցը՝ շփման ուրախություն, արհեստները՝ հարգանք։ Բացահայտեք Հայաստանն իր բոլոր կերպարներով՝ ընտրեք ձեզ հետաքրքիր փառատոնն ու երթուղին, մասնակցեք համայնքային կյանքին և ծեսերին, շփվեք տեղացիների հետ։